211652_close_icon
views-count100820 դիտում article-date 19:37 03-12-2021

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում, ոստիկանության ակադեմիայի մոտ բախվել են Volvo-ն ու միկրոավտոբուսը, բժիշկները 8 քաղաքացու օգնություն են ցուցաբերել, 4 հոգու էլ տեղափոխել են հիվանդանոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի հարևանությամբ, բախվել են 33-ամյա Արա Ա-ի վարած Volvo մակնիշի ավտոմեքենան և 60-ամյա Ժորա Մ-ի վարած Էրեբունի-Նորակերտ թիվ 205 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներից 3-ին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել փրկարարները։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Սերգեյ Մուրադյանը և Վիրաբ Ասատրյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում;

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել նաև 8 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volvo-ն, որը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածով ընթացող միկրոավտոբուսին, այնուհետև առաջ է ընթացել և բախվել նոր կառուցվող ճանապարհի համար տեղադրված բետոններին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր