211652_close_icon
views-count2048 դիտում article-date 20:49 25-11-2021

Պատերազմից հետո ուզում էի ավարտել կարիերաս. Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյան. Armsport.am

Արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը Լեհաստանում օրերս ավարտված Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունում հերթական ոսկին նվաճեց՝ 70 կգ քաշայինների պայքարում հաղթելով բոլոր 4 մենամարտերն ու դառնալով աշխարհի քառակի չեմպիոն: Արթուրը նաև արժանացավ առաջնության լավագույն մարզիկի կոչմանը: ArmSport-ի հետ զրույցում 27-ամյա մարզիկը, որն ԱԱ-ին նաև մարզչի կարգավիճակով էր մասնակցում, խոստովանում է՝ զգացմունքներն աննկարագրելի են.

«Ամեն անգամ կարծես առաջինն է, բայց այս չորրորդ ոսկին բոլորից տարբերվում է հետմրցումային զգացմունքներով, ուրախալի էր նաև Հայաստանի աննախադեպ արդյունքը և իմ մարզիկների հաղթանակները՝ Արտյոմ Մնացականյանը նվաճեց արծաթե, իսկ Արեն Կարապետյանը՝ բրոնզե մեդալ։

Մինչև եզրափակիչ կարելի է ասել՝ և՛ բարդ էր, և՛ միաժամանակ անցավ թեթև։  Բարդ էր նրանով, որ քաշային կարգում ամենաթեթևն էի, դա նաև երևում էր կողքից. բոլորը ավելի խոշոր էին։ Երևի դրա համար թե՛ տեխնիկապես առավելության արժանացա, թե՛ նաև առանձին մրցանակ ստացա՝ որպես մրցման լավագույն մարտիկ»:

Արթուր Առուշանյանը նաև 44-օրյա պատերազմի մասնակից է: Ասում է՝ պատերազմից հետո անգամ կարիերան ավարտելու մտքեր է ունեցել.

«Պատերազմից հետո չէի ցանկանում շարունակել կարիերաս, բայց տեսնելով մարդկանց, աշակերտներիս հոգեբանական կոտրված վիճակը և նաև մեր տղերքի հիշատակի համար որոշեցի շարունակել:

Այս հաղթանակն առանձնացավ նրանով, որ պատերազմից հետո նվաճած առաջին մեդալն էր: Մեր ազգին ցույց ենք տալիս, որ մենք ուժեղ ենք։ Այս հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր նահատակված տղաներին, ում շնորհիվ այսօր կա գոնե այն, ինչ ունենք»:

Նմանատիպ նյութեր