211652_close_icon
views-count4289 դիտում article-date 14:46 25-11-2021

Կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել. վարչապետ

Երեկվա դրությամբ 7666 թեստավորված քաղաքացներից 592 դրական դեպք է արձանագրվել, մահացել է 40 քաղաքացի. Ընդհանուր` իրականացվել է 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Առաջին դեղաչափը ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 38,1 տոկոսը եւ երկրորդ դեղաչափը ստացել է 406 651 քաղաքացի:

Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց վեց ամիսն արդեն լրացել է, 1-2 օրում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները ստանան եվրապատվաստումները»,–ասաց նա և նշեց, որ ամբողջությամբ բնակչության 20 տոկոսն է պատվաստված։

Ավանեսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն է, որ պատվաստված է, ինչը լավ ցուցանիշ է:

Նախարարը վստահեցրեց` պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց` հնարավո՞ր է մոտ ապագայու թույլ տալ, որ բացօթյա տարածքներում այլևս դիմակ կրելը պարտադիր չլինի:

«Բայց հիմա ձմեռ է գալիս, մարդկանց դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի: Երևանի ու Հայաստանի շատ տարածաշրջանների կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, այնպես որ՝ եկեք գարնանը դրա մասին մտածենք, չէ, կատակ եմ անում, ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվել»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր