ՀԱՊԿ–ին, ԵԱՀԿ–ին, ԵԽԽՎ–ին, ԵՄ մեր գործընկերներին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ․ Հռիփսիմե Գրիգորյան
Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել հենց այս րոպեներին ՀՀ արևելյան սահմանների հանդեպ ադրբեջանական հերթական ռազմական ոտնձգությունների, այն է՝ հայկական դիրքերն այս պահին ռմբակոծելու սադրիչ գործողությունների վրա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությամբ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
«Մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ–ին, ԵԱՀԿ–ին, ԵԽԽՎ–ին, ԵՄ–ի մեր գործընկերներին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանը և հետագա գործողությունների կանխմանը»,–ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, և հակասում է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության դրույթներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը և սահմանների դեմարկացիայի և դեմալիմիտացիայի գործընթացի մեկնարկը։
Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային գործընկերներին կոչ արեց հանդես գալ առավել հասցեական և թիրախային կոչերով՝ ուղղված ադրբջանական ռազմաքաղաքական ղեկավարության անհեռատես և վտանգավոր գործողությունների դեմ, ինչի բացակայությունը կարող են ընկալվել իբրև մեր միջազգային գործընկերների անտարբերություն և ստանձնած հանձառության բացակայություն։