Վստահ եմ, որ կվերադառնամ Դորտմունդ․ Հենրիխ Մխիթարյան
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած տարիների մասին, հայտնում է Armsport.am-ը:
«Ես կապ եմ պահպանում Գերմանիայում իմ ծանթոների հետ, երբեք չեմ մոռանա Դորտմունդում անցկացրած ժամանակը, որտեղ անցկացրեցի իմ կարիերայի լավագույն շրջանը:
Մարզիչների և նախկին գործընկերների շնորհիվ ես դարձա այն ֆուտբոլիստը, ինչպիսին հիմա եմ:
Վստահ եմ, որ կվերադառնամ: Չգիտեմ՝ որպես խաղացող, թե որպես երկրպագու»,- ասել է Մխիթարյանը Sport 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
«Անգլիա տեղափոխվելու որոշումը կայացրել ենք ես և ակումբը միասին։ Բայց, իհարկե, կան տարբեր պատճառներ, թե ինչու այդքան լավ այնտեղ ամեն ինչ չդասավորվեց։ Բայց ես չեմ ուզում խոսել այդ մասին։
Երբ ես լսեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ինձնով, ես ցանկացա գնալ այնտեղ։ Անգլիայում խաղալն իմ մեծ երազանքն էր: Մարդիկ ասում էին, որ ես դա արել եմ միայն փողի համար։ Դա անհեթեթություն է։ Ես երբեք փողի համար ֆուտբոլ չեմ խաղացել, այլապես կգնայի Ռուսաստան կամ մեկ այլ տեղ։ Ես երջանիկ էի Դորտմունդում, բայց երբեմն ստիպված ես դժվար որոշումներ կայացնել, որոնք կարող են լինել միայն կյանքի ընթացքում, և լսել քո սրտին:
Պարոն Վացկեի հետ մեր հարաբերությունները լավ են։ Հետո նույնիսկ մեկ անգամ հանդիպեցինք ու նաև հեռախոսով խոսեցինք։ Նրա մասին վատ բան չեմ ասի։ Նա հիանալի աշխատանք կատարեց «Բորուսիայի» համար, ակումբը գրեթե սնանկ էր, այժմ այն գրանդներից մեկն է Եվրոպայում։ Նա անհավանական աշխատանք կատարեց: «Բորուսիան» միշտ մեծ տաղանդներ է տալիս: Նրան ու ողջ ակումբին ամենայն բարիք եմ մաղթում»,- ասել է Մխիթարյանը։