ԱԱ-2022. Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիային
ԱԱ-2022-ի որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունել էր Գերմանիայի ընտրանուն ու 1-4 հաշվով պարտություն կրեց։
Խաղի 13-րդ րոպեին գերմանացիների հերթական գրոհներից մեկն ավարտվեց գոլով․ Կայ Հավերցն այս անգամ չվրիպեց։
Առաջին կեսին ավելացված րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանայինի մատույցներում խախտեց կանոնները Նյուհաուսի նկատմամբ։ Մրցավարը նշանակեց 11-մետրանոց, գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանն այն ուղարկեց ուղիղ դարպասը։
Երկրորդ կեսը ևս սկսվեց գերմանացիների առավելությամբ ու 50-րդ րոպեին, Գյունդողանը խփեց իր երկրորդ գնդակը։ 9 րոպե անց մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, բայց այս անգամ գերմանացիների դարպասին։ Գնդակին մոտեցավ մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու գրավեց Տեր Շտեգենի դարպասը
Սակայն հանդիպման վերջակետը դրեցին գերմանացիները. չորրորդ գոլի հեղինակ դարձեվ Յոնաս Հոֆմանը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը 12 միավորով խմբում զբաղեցրեց 4-րդ տեղը: Գերմանիան 27 միավորով առաջինն էր և նվաճեց ԱԱ-ի ուղեգիր: Իսկ ահա երկրորդ տեղը գրավեցին և ուղեգրի համար որակավորման հանդիպումներին մասնակցելու իրավունք ստացան մակեդոնացիները, որոնք 3:1 հաշվով հաղթեցին Իսլանդիային և վաստակեցին 18 միավոր: