ԿԳՄՍ նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և ՔՈԱՖ-ի միջև հուշագիր է ստորագրվել
Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Նախաձեռնության նպատակն անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն ու տարածելն է։
Նշվում է, որ ընդհանրություններ ունենալով ՔՈԱՖ-ի ներկայիս անգլերենի «Աքսես» ծրագրի հետ՝ այս նոր համագործակցությունը անգլերենի կրթության ոլորտում կողմերի ներկայիս ջանքերը կընդլայնի արտադպրոցական ծրագրերի շրջանակներից դուրս:
«Հայաստանում անգլերենի իմացությունը զարգացնելը առանցքային նշանակություն ունի տեղական և միջազգային շուկաներում մրցունակ լինելու ու աշխատաշուկայում տեղ գտնելու համար։
Բիզնեսի համաշխարհային լեզուն տարածելով և մշակութային բազմազանություն բերելով Հայաստանի ամենաանտեսված համայնքներին՝ ՔՈԱՖ-ն ու ԱՄՆ դեսպանատունը սերտորեն համագործակցել են վերջին 10 տարիների ընթացքում և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խթանելու անգլերենի իմացությունը։ Մասնակից ուսանողների թիվը 100-ից հասել է 1465-ի»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ կրթության նախարարության հետ նոր համագործակցությունը կընդլայնի նախաձեռնության աշխարհագրական շրջանակը՝ օգնելու ավելի քան 2400 ուսանողների՝ ձեռք բերել անգլերենի իմացության C1 մակարդակ: Միաժամանակ, ուսուցիչների որակավորումը բարձրացնելու, անգլերենի իմացությունն ու մասնագիտական հմտությունները բարելավելու համար 24 տեղացի ուսուցիչներ կմասնակցեն Հայաստանի ամերիկյան համալսարանի «Անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման» (CTEFL) ծրագրին։
Դասավանդման ժամանակակից մեթոդներին զուգահեռ՝ որակավորման բարձրացման շնորհիվ ուսուցիչները ԿԳՄՍ նախարարության կողմից պարտադիր ատեստավորման շրջանակներում կրեդիտներ ձեռքբերելու հնարավորություն կստանան ։
Միջոցառման օրը անգլերենի «Աքսես» ծրագրի ավելի քան 300 մասնակիցներ կավարտեն ծրագիրը՝ ճանապարհ հարթելով հաջորդ սերնդի մասնակիցների համար։