211652_close_icon
views-count1511 դիտում article-date 15:16 01-12-2014

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ ԿԳ նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ԿԳ նախարարության, Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան և «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի միջև` «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կազմակերպելու վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն և «ԹՈՒՄՕ» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Մանուկ Մկրտչյանն իր խոսքում կարևորել է հուշագրի ստորագրումը` նշելով, որ այն նպատակ ունի ամրապնդել ՀՀ և Հնդկաստանի Հանրապետության միջև համագործակցությունը և իրազեկել հայ դպրոցականներին Հնդկաստանի վերաբերյալ` որպես Հայաստանին ջերմ բարեկամ երկրի, տարբեր մշակույթների, ավանդույթների, էթնիկ խմբերի և գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում արագ զարգացող երկրի: Փոխնախարարը նշել է մրցույթի կարևորությունն այն համատեքստում, որ այն կրելու է զանգվածային բնույթ, քանի որ մրցույթին մասնակցելու են հանրապետության բոլոր դպրոցները: «ԹՈՒՄՕ» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանն իր հերթին նշել է, որ եռակողմ հուշագրի ստորագրումը գեղեցիկ և ուրախ մեկնակետ է համատեղ նախաձեռնությունների` հույս հայտնելով, որ կողմերի միջև համագործակցությունը սրանով չի ավարտվի. հետագայում կապերն ավելի կսերտանան: Մարի Լու Փափազյանը, մասնավորապես, նշել է, որ նախատեսվում է ուսումնասիրել հայկական գաղթօջախների, հայերի մշակութային հետքը Հնդկաստանի պատմության մեջ: Հնդկաստանի դեսպանի խոսքով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կկազմակերպի մրցույթի առաջին փուլը: Հնդկաստանի դեսպանությունը և «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը պատասխանատու են մրցույթի` Երևանում անցկացվելիք եզրափակիչ փուլի համար: Մրցույթի հանձնաժողովը բաղկացած կլինի շարադրության և նկարչության աշխատանքները գնահատող փորձագետներից: Հանձնաժողովը պետք է ներառի նաև ներկայացուցիչներ` ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից և «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից: Նշենք, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթը կկազմակերպվի 2014թ. դեկտեմբեր ամսին: Մրցույթը կանցկացվի 12-14 և 15-17 տարիքային խմբերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող դպրոցականների համար: Եվ նկարչության, և շարադրության մրցույթի յուրաքանչյուր տարիքային խմբի համար նախատեսված են մրցանակային 3 տեղեր: 1-ին տեղի 4 մրցանակակիրները Ֆրանկֆուրտի տարածաշրջանային տուրիզմի գրասենյակի և Հնդկաստանի տուրիզմի և մշակույթի նախարարության կողմից կստանան մեկշաբաթյա անվճար ուղևորության տոմսեր դեպի Հնդկաստան: Բոլոր հաղթողներն ու նրանց ծնողները կհրավիրվեն Հնդկաստանի ազգային տոնին (անկախության օրվա) նվիրված միջոցառմանը (26 հունվար, 2015թ.), որի ընթացքում էլ հաղթողները կստանան իրենց մրցանակները:

Նմանատիպ նյութեր