211652_close_icon
views-count1693 դիտում article-date 10:13 10-11-2021

ԱՄՆ-ի ավելի խորը ներգրավվածությունը կմեծացնի ԼՂ շուրջ հրադադարի համաձայնագրի արդյունավետությունը. «Ամերիկայի ձայն»

Նոյեմբերի 9-ին լրացել է ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի միջև անցած տարվա նոյեմբերին կնքված հրադադարի մեկ տարին: Վերլուծաբանները քննարկում են հրադադարի ու դրա հետ կապված զարգացումները։ 

Վերլուծաբանները գտնում են, որ ԱՄՆ պետք է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի Հարավային Կովկասում, մասնավորապես ԼՂ հակամարտության հարցում: Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնը դարձել է երկրորդական դերակատար այս տարածաշրջանում, որի պատճառներից է ԱՄՆ-ի այլ առաջնահերթությունները: 

«Միացյալ Նահանգները հիմնականում հետևում էր զարգացումներին, չնայած կոչ էր անում կողմերին դադարեցնել կրակը: Ես զգացում ունեմ, որ այս մոտեցումը կշարունակվի: Իմ կարծիքով ԱՄՆ-ի համար շահավետ կլիներ ավելի ակտիվ ներգրավվածությունն այստեղ, սակայն հակված չեմ կարծելու, որ դա տեղի կունենա»,- ասում է Հերբսթը:

Հերբսթի կարծիքով իրադրությունն այսօր ԼՂ շուրջ կայուն է, սակայն լարված: Իր հերթին քաղաքագետ Աննա Օհանյանը նշում է, որ հաստատված հրադարարը դադարեցրեց ռազմական գործողությունները Մոսկվայի ջանքերի շնորհիվ, սակայն չկարգավորեց հիմնական խնդիր հանդիսացող ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ինչպես նաև չլուծեց անվտանգության ռիսկերի հետ կապված հարցերը:

«Կարծում եմ՝ այստեղ անհրաժեշտ է արևմտյան տերությունների՝ Եվրամիության, ինչպես նաև ԱՄՆ-ի, շատ ավելի խորը ներգրավվածություն՝ այս համաձայնագիրը, որը ես անվանում եմ «ռուսական խաղաղություն», առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշում է Աննա Օհանյանը:

Քաղաքագետը վստահ չէ, թե արդյոք Մոսկվան ունի համապատասխան կարողություն ամբողջապես իրականացնելու բանակցած պայմանները: Նա տարակուսանք է հայտնում, որ չնայած ռուսական խաղաղապահների ներկայությանը, Բաքում շարունակում է խախտել հրադարարը, որի արդյունքում կան զոհեր, ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում:

«Արդյո՞ք Մոսկվան չունի բավականաչափ զինվորականներ այնտեղ, թե՞ խնդիրը քաղաքական է՝ կապված ՌԴ-ի կողմից քաղաքական կամքի բացակայության հետ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա այս լարվածությունը ձեռնատու է ՌԴ-ին, որը կարող է օգտագործել դա իր օգտին և որոշակի անապահովության մակարդակ պահպանել Հայաստանի համար: Դա կարող է լինել նաև այն, որ Ռուսաստանը պարզապես բավականաչափ լծակներ չունի Ադրբեջանի նկատմամբ»,- նշում է Օհանյանը:

Նմանատիպ նյութեր