211652_close_icon
views-count36690 դիտում article-date 22:34 08-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Տավուշի մարզի Աճարկուտ համայնքում տեղի ունեցավ Շուշիի հերոսամարտի հերոս Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի նորակառույց Փառքի պուրակում հանդիսավորությամբ տեղի ունեցավ Շուշիի հերոսամարտի աճարկուտցի հերոս, հետախույզ, սերժանտ Դավիթ Շահնազարյանի կիսանդրու բացումը:

Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հ. Ղալումյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կ. Գիլոյանը, ԱԺ պատգամավորներ Վ. Ղալումյանը, Գ. Նազարյանը,  զինվորականներ, հարևան համայնքների բնակիչներ:

Կիսանդրին բացեց հերոսի մայրը՝ տիկին Սոնան: Ելույթներով հանդես եկան Աճարկուտի դպրոցի սաները, դպրոցի ուսուցիչ Նվեր Սիմոնյանը.իսկ Դավիթ Շահնազարյանին ձոնած երգով հանդես եկավ աշուղ Նազելին: 

«Առաջին գունդ» ՀԿ, «Չղջիկներ» վետերանների միության, «Գթության մայր» միջազգային միության կողմից,  Դավիթի ընտանիքին պատվոգրեր և շքանաշաններ հանձնեց  Լիլիթ Չիբուխչյանը: Միջոցառումը վարում էր Գայանե Չապուխյանը:

Օրհնության կարգ կատարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Արշավիր քահանա Ասատրյանը:
 
Ճանաչենք մեր հերոսներին․

Դավիթ Շահնազարյան․ ծնվել է 2000թ. ապրիլի մեկին։ Անչափ բարի էր, ընկերասեր, 4 քույրերի եղբայր էր։ Սովորել է Աճարկուտի հիմնական դպրոցում, ապա ուսումը շարունակել Ծաղկավանի միջնակարգ դպրոցում։ Պարապել է սամբո մարզաձևը, եղել է սամբոյի Հայաստանի փոխչեմպիոն, մասնակցել է ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի մրցումներին։ Եղել է պատանի երկրապահ։

2019 թ.-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի հարավում՝ Հադրութում, սովորել է Արմավիրի ուսումնական զորամասում, որպես ջոկի հրամանատար, ստացել կրտսեր սերժանտ զինվորական կոչում, եղել է հետախույզ սերժանտ։

Պատերազմի ժամանակ եղել է գրեթե բոլոր թեժ կետերում` Հադրութում, Ննգիում, Խնձրստանում, Ճարտարում, Ակնայում (Աղդամ), Դժոխքի ձորում, Կարմիր շուկայում, Քարին տակում, Շուշիում։ Քարին տակի հատվածում թեժ կռվի պահին ոչնչացրել է 300-400 ադրբեջանաթուրքական գրոհայինների։

Երբ Շուշիում հրամանատար չեն ունեցել, վիրավոր վիճակում ստանձնել է նաև հրամանատարի պարտականությունը՝ ղեկավարելով 60 և ավելի զինակիցների։

Զոհվել է քաջաբար՝ նոյեմբերի 7-ին, բերդաքաղաքի մատույցներում պահելով զորքի թիկունքը, որպեսզի զորքը նահանջի։
 
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 152+
152+

Նմանատիպ նյութեր