211652_close_icon
views-count1151 դիտում article-date 17:35 06-11-2021

Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար ՀՀ առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի գործակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք:

Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնի նորաստեղծ  բաժանմունքում բուժօգնության կազմակերպման գործընթացին ծանոթացել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան ՆԳ տիկին Ւնգա Ստանիտե -Տոլոչկիենեն, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վանիկ Օհանյանը:

Վանաձորի կենտրոնը համակցված վերականգնողական կենտրոն է՝ ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական ծառայություններով, որն ամբողջությամբ ծառայելու է զինվորների ընթացիկ բուժմանը: Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա 12 միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն տեղադրվել է։

Ֆրանսիացի և ֆրանսահայ գործընկերների, ինչպես նաև առողջապահության նախարարության աջակցության շնորհիվ վերականգնողական ծառայություններն այսուհետ հասանելի են, ինչպես արցախյան պատերազմից տուժած, այնպես էլ` վերականգնողական բուժման կարիք ունեցող մյուս քաղաքացիների համար:

Ծրագրի շրջանակներում նաև տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների դասընթացների շրջանակներում։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր