211652_close_icon
views-count160 դիտում article-date 16:46 12-11-2026

Քիշնևում ներկայացվել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի է ունեցել «Արհեստական բանականության զարգացման հեռանկարները․ փորձի փոխանակում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար» խորագրով փորձագիտական մակարդակի քննարկումը, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։

Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի խմբի, Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի Հանրապետության տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ՝ «Connectivity Platform Meeting on Digital» հանդիպման շրջանակում։

Քննարկման մեկնարկին Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցը»՝ «Արհեստական բանականության խոստումը» (World Development Report 2026: The Promise of Artificial Intelligence), ներկայացրել է զեկույցի տնօրեն Գաուրավ Նայյարը (Gaurav Nayyar)։ Զեկույցում դիտարկվում են արհեստական բանականության՝ տնտեսական զարգացման, արտադրողականության բարձրացման, հանրային ծառայությունների բարելավման և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման ներուժը, ինչպես նաև զարգացող երկրների համար դրա արդյունավետ կիրառման հիմնական նախադրյալները։

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է պանելային ձևաչափով փորձագիտական քննարկում, որը վարել է Համաշխարհային բանկի թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ուղղության ղեկավար Իզաբել Նետոն (Isabel Neto)։ Քննարկմանը մասնակցել են Համաշխարհային զարգացման զեկույց 2026-ի տնօրեն Գաուրավ Նայյարը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության՝ ԱԲ ուղղության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Երլան Օմիրժանը (Yerlan Omirzhan), ինչպես նաև Մոլդովայի AI Hub նախաձեռնության թիմի ղեկավար, AmCham-ի նախագահ և PwC-ի տնօրեն Ալեքսանդրու Գոզուն (Alexandru Gozun)։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զեկույցի առաջարկությունների գործնական կիրառմանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, արհեստական բանականության զարգացման ազգային առաջնահերթություններին, անհրաժեշտ ենթակառուցվածքներին և տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին։

Քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով «Արհեստական բանականության գործարանների պարտեզ» հայեցակարգային մոտեցումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նման ենթակառուցվածքների ձևավորման և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ էներգետիկ պահանջներին՝ ընդգծելով էներգետիկ կարողությունների և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման փոխկապակցվածությունը։

Միջոցառման ընթացքում կարևորվել է արհեստական բանականության կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, տվյալների հասանելիության, մարդկային կապիտալի և համապատասխան կարողությունների զարգացումը, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը՝ տեխնոլոգիաների տնտեսական և հանրային արժեքն առավել արդյունավետ իրացնելու նպատակով։

Համաշխարհային բանկի 2026 թվականի «Համաշխարհային զարգացման զեկույցի» ներկայացումը Հայաստանում նախատեսվում է կազմակերպել «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության հետ համատեղ։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա զեկույցի հիմնական դրույթներն ու առաջարկությունները ներկայացնել Հայաստանի պետական, մասնավոր և ակադեմիական հատվածների ներկայացուցիչներին՝ խթանելով դրանց շուրջ մասնագիտական քննարկումն ու համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր