Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում ստացան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Մասնավորապես, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն ու մարմնամարզիկ Արթուր Դավթյանն, ինչպես նաև ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել։
Նախարար Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է.
«Այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց կարևորը՝ հանձնեցինք այն, ինչը դուք վաստակել եք ձեր ամենօրյա քրտնաջան նվիրումի շնորհիվ։ Շնորհակալ ենք ձեզ: Մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի ձեզ համար ավելի հարմարավետ և հաճելի լինի կատարել այն աշխատանքը, որը դուք առանց այդ էլ անում եք: Սա շատ համեստ գնահատականն է ձեր կատարած շատ կարևոր և ազգանվեր աշխատանքին»,- ասել է Վահրամ Դումանյանը։
ԿԳՄՍ նախարարն ու նախարարի տեղակալը հաջողություն են մաղթել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին, ով այսօր պայքարելու է աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար։
«Երկու օր առաջ իսկապես աննախադեպ իրադարձություն էր, երբ աշխարհի առաջնությունում Բաչկովի պարտությունը բողոքարկմամբ դարձավ հաղթանակ: Այսինքն՝ մենք արդեն պաշտպանված ենք: Եվ դա անելու ենք բոլոր մարզաձևերում: Կամաց-կամաց հասնելու ենք նրան, որ մեզ երրորդ երկրի տեղ չդնեն, այլ համարեն ուժեղ երկիր, հատկապես՝ սպորտում»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է, որ պետությունը դեռ շատ ավելին է անելու, որպեսզի մարզիկները կարողանան հասնել այն ամենին, ինչին արժանի են․
«Միայն ուզում եմ ասել շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար: Այն, ինչ անում եք դուք, անհրաժեշտ է մեզ հատկապես այս ժամանակաշրջանում: Յուրաքանչյուր հաղթանակ մի քայլ է՝ մարդկանց մոռացնելու հոգսերը, խնդիրները: Ամեն մի հաղթանակից հետո ազգի յուրաքանչյուր ներկայացուցչի մոտ ինքնագնահատական է բարձրանում: Մարդիկ սկսում են հավատալ, որ մենք զորեղ ենք, որ մենք կարող ենք ու դեռ մեծ հաղթանակներ ենք ունենալու:
Բոլորիդ ամենայն բարիք եմ մաղթում, գործող մարզիկներին էլ՝ նորանոր նվաճումներ: Այն, որ պետությունն առավել, քան երբևէ, այսօր հոգում է ձեր հոգսերը, դա փաստ է: Եվ դեռ շատ ավելին է անելու, որպեսզի դուք կարողանաք հասնել այն ամենին, ինչին արժանի եք»,- նշել է Կարեն Գիլոյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ կոչմանն են արժանացել ըմբիշներ Ռուդիկ Մկրտչյանը, Կարեն Խաչատրյանը, Արման Անդրեասյանը,ծանրորդ Գոռ Սահակյանը, ինչպես նաև Ազատ Եղիազարյանն ու Արտակ Ծատուրյանը՝ ակրոբատիկա մարզաձևում։
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ պատվավոր կոչում է շնորհվել հետևյալ մասնագետներին՝
Հարություն Կիրակոսի Նազարյան – բռնցքամարտի մարզիչ
Հովիկ Էմիլի Սարգսյան – «Վանաձոր համայնքի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, դոցենտ
Վահան Ավետի Ադիլխանյան – բռնցքամարտ
Արմեն Ռաֆիկի Առաքելյան – հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Գայանե Անուշավանի Ներսիսյան – գեղարվեստական մարմնամարզություն
Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյան – բռնցքամարտ
Իսկ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ կոչում է շնորհվել՝ Էդվին Մուկուչի Գրիգորյանին, ով «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ-օպերատորն է։