211652_close_icon
views-count1489 դիտում article-date 18:23 04-11-2021

Դավիթ Օվասապյանը՝ ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Բելգրադում ավարտվեց  մինչև 23 տարեկան  հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես եկավ գերծանրքաշային  Դավիթ Օվասապյանը: Նա իր օգտին  վստահ հաղթանակներ գրանցեց ու մտավ եզրափակիչ:

Չեմպիոնի  համար գոտեմարտում մեր ըմբիշը մրցեց իրանցի Ամին Միրզազադեի հետ: Պայքարը չափազանց լարված  բնույթ կրեց: Ի վերջո մեկ միավորի առավելությամբ հաղթեց իրանցին  / 2 : 1 / և մեր պատվիրակը գրավեց երկրորդ տեղը: Սա նույնպես հաջողություն է և արժանի է բարձր գնահատականի, մանավանդ,  որ նման հեղինակավոր ստուգատեսում առաջին անգամ  արծաթե մեդալակիր դարձավ մեր երկիրը ներկայացրած ամենաբարձր քաշային կարգի ըմբիշը:

Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին և բրոնզե մեդալով պարգևատրվեցին Հրաչյա Պողոսյանը / 63 կգ / և Շանթ Խաչատրյանը / 72 կգ /:

44 երկրների թիմերի պայքարում մեր հավաքականը եզրափակեց լավագույն յոթնյակը:

Բելգրադի մարզապալատի մրցագորգերը վաղվանից կտրամադրվեն   մինչև 23 տարեկան ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը / 57 կգ /, Արսեն Հարությունյանը / 61 կգ /, Հրաչյա Մարգարյանը / 65 կգ/, Վազգեն Թևանյանը / 70 կգ /, Հրայր Ալիխանյանը / 74 կգ /, Արման Ավագյանը / 79 կգ /, Մհեր Մարկոսյանը  / 86 կգ /, Մարտին Սիմոնյանը /125 կգ/:

Մրցաշարը կավարտվի նոյեմբերի յոթին:

Նմանատիպ նյութեր