211652_close_icon
views-count121148 դիտում article-date 09:48 01-11-2021

Կրակոցներ Երևանում. 41-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հրազենի օգտագործմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանն ու գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանը։ 

Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։

Արդեն ոստիկաններին միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ Երևանի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի և ավագ քննիչ Յոլչյանի գլխավորությամբ պարզել են, որ նույն օրը, ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուր 43 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում անհայտ անձը դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել Խ. Սահակյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներով հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցից մեկնել են դեպքի վայր, որտեղ քննիչները կատարել են դեպքի վայրի զննություն։ Այնտեղ աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության  փորձաքրեագետները։

Օպերատիվորեն նշված վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը ճշտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր