211652_close_icon
views-count60743 դիտում article-date 23:55 23-12-2018

Կրակոցներ Երևանում. տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել է 20 հատ կրակված պարկուճ. ՊՊԾ ոստիկանները տաք հետքերով զինաթափել են կրակողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 20 կրակված պարկուճ՝ ճանապարհի մի քանի տեղում թափված: Դեպքի վայրը ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ, հսկում են, որպեսզի ավագ քննիչ Օգսեն Հարությունյանը դեպքի վայրի զննություն կատարի: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագետները, ովքեր մանրակրկիտ կատարում են աշխատանքներ՝ դեպքի վայրից վերցնելով նմուշներ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Բունիաթյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան երկաթե դարպասի, եվրոպատուհանի և առաստաղի վրա հայտնաբերել են կրակված հետքեր: Դեպքի վայրում հավաքվածները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Ինչ որ տան խնդիր է, և թոռը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել տան ուղղությամբ, հարևանը մոտեցել է նրան ու հորդորել, որ նա խուլիգանական արարք չկատարի, վերջացնի կրակոցները, և նա կրակել է այդ մարդու վրա: Լավ էր, եթե ՊՊԾ-ի ոստիկանները օպերատիվորեն չժամանեին ու պրոֆեսիոնալ կերպով չվնասազերծեին կրակողին, նա շարունակելու էր կրակոցներ արձակել»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները ոչ միայն վնասազերծել են, այլ նաև նրանից խլել են զենքը: Փաստի առթիվ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի և կրակողի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր