Ծովինարի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին 2019 թվականից, արդեն մոտենում են ավարտին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն ընթացել է երեք փուլով ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Յուրաքանչյուր տարում հատկացվել է շուրջ 40 միլիոն դրամ, իսկ ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։
Առաջին երկու փուլերում հիմնանորոգվել են մանկապարտեզի շենքի տանիքը, փոխվել դռներն ու լուսամուտները, կատարվել ներքին հարդարման աշխատանքներ, իսկ այս տարվա ընթացքում կատարված հատկացումներով կառուցվել է ջեռուցման եւ ջրամատակարարման համակարգ, այժմ ընթացքի մեջ է ցանկապատի տեղադրումը։ Շինարարական աշխատանքները 2021 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ ավարտվել են մոտ 90 տոկոսով։ «Անբարեկարգ վիճակի ու ոչ բավարար պայմանների պատճառով Ծովինարի մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել էր 2004 թվականին։ Ամենայն հավանականությամբ, մանկապարտեզը կվերաբացվի 2022 թվականին, երբ կլուծվի նաեւ գույքի ձեռք բերման խնդիրը։ Մանկապարտեզը կգործի երեք խմբով, 120 տեղով»,-պատմեց Մհեր Մարտոյանը։