51990 դիտում
19:16 05-05-2018
Ավարտական փուլին են մոտենում Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի շրջանցիկ ճանապարհի մի մասը կազմող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությունը թևակոխում է ավարտական փուլ:
Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Երևանի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:
Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածը կլինի միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ հագեցած նոր ենթակառուցվածքներով:
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, Քաղաքային կայուն զարգացման ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում ընթացքի մեջ է նաև շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի կառուցումը, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կունենա 3 ուղեանց՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ՝ Չաուշ - Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ ավարտելուց հետո կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի 4՝ Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1723 դիտում
20:36 25-04-2017
Մայրաքաղաքում տրվել է Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը
8392 դիտում
13:23 25-10-2017
Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով
4760 դիտում
18:11 31-01-2018
Մայրաքաղաքում տրվել է Բաբաջանյան-Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը