ՀՖՖ նախաձեռնությամբ ՀՀ ամբողջ տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ անցկացվում է ֆուտբոլի դպրոցական առաջնություն։ Աննախադեպ մրցաշարին մասնակցում են շուրջ 400 դպրոց և մոտ 4000 դպրոցականներ:
Առաջնության նպատակն է նպաստել դպրոցական ֆուտբոլի հետագա զարգացմանն ու մասսայականացմանը, դպրոցներում ֆուտբոլ առարկայի ուսուցման գործընթացի մակարդակի հետագա բարձրացմանը, ի հայտ բերել հեռանկարային, խոստումնալից, տաղանդավոր ֆուտբոլիստների, նպաստել ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարի տարածմանը:
Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների Մ12 և Մ10 տարեկան տղաների թիմերը: Մրցաշարի առաջին՝ միջհամայնքային փուլը, որին հիմնականում մասնակցել են 2021 թվականին ՀՖՖ Մարզչական Դ արտոնագրի դասընթացին մասնակցած մարզային հանրակրթական դպրոցների թիմերը, արդեն ավարտվել է: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 5-ը կանցկացվի մարզային փուլը, որին կմասնակցեն միջհամայնքային հաղթող թիմերը՝ որոշելու մարզի տվյալ տարիքային խմբի հաղթողներին, իսկ նոյեմբերի 8-ից 20-ը՝ հանրապետական փուլը, որին կմասնակցեն տվյալ տարիքային խմբում մարզային փուլում առաջին տեղ գրաված թիմերը
Մրցումների 1-ին և 2-րդ փուլի խաղերը կանցկացվեն մարզերում՝ արհեստական խոտածածկերով խաղադաշտերում և միջնակարգ դպրոցների մարզադահլիճներում ու խաղահրապարակներում, իսկ 3-րդ փուլի հանդիպումները կկայանան Երևանում։