211652_close_icon
views-count54690 դիտում article-date 15:45 19-10-2021

Վրաերթ՝ Երևանում. Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային, վերջինս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում՝ ժողովորդին հայտնի լողավազանի խաչմերուկում, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա Գ. Ա-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Շերամի 92/9 հասցեում գործող «Ֆիզիոթերապիա, բժշկական մերսում» սրահի աշխատակիցների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ու 80-33  շտապօգնության բժիշկների հետ երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը  80-33  շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Ռազմիկ Ղարիբյանը։

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի  գլխավորությամբ։  

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքված բնակիչները խնդրում էին Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ նախկինում եղել է, ինչի շնորհիվ վթարները նվազել էին, սակայն, երբ արագաչափը հանեցին, ավտովթար-վրաերթերի թիվն ավելացավ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին