211652_close_icon
views-count32763 դիտում article-date 16:57 16-10-2021

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 57-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել ձորում, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Յուրիկ Թորոսյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ դեպի Հրազդան քաղաք տանող գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Սևանի բժշկական կենտրոն։ 

Օպերատիվ են գործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին մինչ այդ մի քանի քաղաքացիներ են օգնություն ցուցաբերել, և նրան հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերաբարձ կռունկով դուրս բերվեց և հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 149+
149+

Նմանատիպ նյութեր