Մեր նպատակն է արդարացնել սպասելիքները. Փաշիկ Ալավերդյան
Տարեմուտից առաջ, դեկտեմբերի 7 – 17 –ը, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Խաղարկվող մրցանակների համար պայքարին տոն կտան նաև Հայաստանի պատվիրակները:
-Տղամարդկանց թիմի ծանրորդները մինչև հոկտեմբերի 18 –ը կշարունակեն պարապել տեղերում՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ, - ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: - Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19 –ին, մեր առաջատարներին կուղեկցենք Ուկրաինայի Կամենեց – Պոդոլսկ քաղաք: Այնտեղ կանցկացնենք ուսումնամարզական 20 - օրյա հավաք: Այնուհետև մարզումները հաջորդաբար կշարունակենք Ծաղկաձորում, Աբովյանում և այնտեղից կմեկնենք Տաշքենդ:
Աշխարհի առաջնությանը մասնակցող մեր թիմի կազմի վերաբերյալ հարցին, գլխավոր մարզիչը պատասխանեց, որ այդ մասին կհրապարկենք մրցավայր մեկնելու նախօրյակին: Ծանրամարտում, և ընդհանրապես բոլոր մարզաձևերում, ճիշտ չէ ամիսներ առաջ թիմի կազմ ներկայացնել: Քանզի նախապատրաստական փուլերում պատահում են վնասվածքներ և անցանկալի այլ անակնկալներ: Մեր նպատակն է լուծում տալ մեզ հետաքրքրող մասնագիտական հարցերին, հաջող մասնակցություն ունենալ տարեվերջյան պատասխանատու ստուգատեսում և արդարացնել սպասելիքները . . .