211652_close_icon
views-count1475 դիտում article-date 13:44 14-10-2021

Կառավարությունը գյուղացիներին առաջարկում է ցորենի բարձրորակ, սետիֆիկացված սերմեր գնել

Կառավարությունն այսօրվա նիստում «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի իրականացման նպատակով 329 մլն դրամ հատկացրեց Էկոնոմիկայի նախարարությանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ ծրագրով սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:

Ծրագրի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման (սուբսիդիան տրամադրվում է իրավաբանական անձանց) կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Այս որոշման ակնկալվող արդյունքներն են հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում՝ մինչև 30% եւ ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները ֆինանսական խնայողություներ անելու պատճառով ոչ թե  բարձրորակ սերմացու են ցանում, այլ, ուղղակի, նախորդ բերքից ստացած կամ շուկայից սովորական ցորեն կամ հացահատիկ են վերցնում ու ցանում:

«Սա ի սկզբանե որևէ արդյունավետություն չի խոստանում: Մենք  քաղաքացուն ասում ենք՝  ենթադրենք, եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելուն ու այն որպես սերմ օգտագործում, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնելու ենք այնքան, որ կարողանաք լիցենզավորված սերմ գնեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պետք է կարողանան ապահովել ու երաշխավորել, որ այն սերմերը, որ շուկայում առաջարկվում են որպես լիցենզավորված, իրոք սերտիֆիկացված սերմեր են:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե անցած տարվա փորձը հարյուր տոկոսով չի հաջողվել: «Որոշ խնդիրներ կան, բայց մենք որոշել ենք շարունակել պրոցեսը՝ ուղղելով այն խնդիրները, որոնք առաջացել են», - ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր