211652_close_icon
views-count1720 դիտում article-date 19:02 13-10-2021

Բռնցքամարտի Եվրոպայի 2022թ. առաջնությունը կանցկացվի Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության կազմակերպման ուղղությամբ կատարած և ընթացիկ աշխատանքները:

Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ արվում է առավելագույնն առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար. «Եվրոպայի առաջնության կարևորությունը ներկայացնելու կարիք չկա: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովի հետ բանակցությունները տվել են դրական արդյունք, և առաջնության անցկացումը վստահել են մեզ: ՀՀ կառավարությունը հանձն է առել համակողմանի աջակցել: Շուտով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որը աճող հաճախականությամբ կանցկացնի նիստեր և կանի ամեն ինչ՝ առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար:

Համագործակցելու ենք Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Վստահ եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով, և Հայաստանն իսկապես մարզական տոն կընդունի: Կանենք առավելագույնը, որպեսզի մասնակից մարզիկ-մարզիչները հետագայում ևս Հայաստան ժամանելու ցանկություն ունենան»:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ մենամարտերին կկարողանա հետևել 6200 հանդիսական: Ակնկալվում է մինչև 45 երկրի մասնակցություն, Հայաստան կժամանի շուրջ 300 բռնցքամարտիկ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ Երևանում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հուլիսին կատարած այցի ժամանակ ներկայացվել են Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ առաջնության անցկացման իրավունքը ստանալու համար մեծ աշխատանք է տարվել, ինչի արդյունքում AIBA-ում 9 քվեարկողից 7-ը ձայնը տվել է մեզ.

«Պատասխանատու և լուրջ քայլ ենք կատարել: ԿԳՄՍ նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ֆեդերացիան, սպորտի հետ առնչություն ունեցող բոլոր կառույցներն այդ պատասխանատվությունը հավասարաչափ վերցրել են իրենց ուսերին: Այսօր ի դեմս Հովհաննես Բաչկովի՝ ունենք բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոն: Լիահույս եմ, որ Երևանում կայանալիք առաջնության ընթացքում և դրանից հետո կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի չեմպիոններ, և այս մրցաշարը կդառնա նոր սկիզբ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ֆեդերացիայի նախագահը խոսել են նաև Հայաստանի բռնցքամարտի հավաքականին սպասվող առաջնությանը լավագույնս նախապատրաստելու կարևորության մասին:

«Մենք երկար ենք սպասել Հայաստանում նման մրցաշար անցկացնելու հնարավորությանը: Համոզված եմ՝ բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը ցանկանում է, որ իր երկրում անցկացվող առաջնության ընթացքում հնչի օրհներգը: Բնականաբար, լավագույնս ենք պատրաստվելու առաջնությանը: Բռնցքամարտի հավաքականը համապատասխան ծրագրով առաջ է շարժվում և աշխատում ամենօրյա ռեժիմով»,- ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մրցունակ հավաքական ունենալու գործում կարևորել է նաև երկրպագուների դերը. «Այսօրվանից կոչ եմ անում, որ առաջնության ընթացքում տրիբունաներում ազատ աթոռ չլինի: Մեր աջակցությամբ պետք է նպաստենք հավաքականի հզորացմանը, այդ դեպքում հաղթանակները սպասեցնել չեն տա»:

Կարեն Գիլոյանը նաև տեղեկացրել է, որ աշխատանքներ են ընթանում Հայաստանում այլ մարզաձևերից ևս բարձրակարգ առաջնություններ անցկացնելու ուղղությամբ.

«Ամեն տարի Հայաստանում պետք է կայանա նվազագույնը երկու խոշոր առաջնություն: 2022 թվականի առաջնությունների անցկացման նպատակով հայտեր ներկայացնելու համար մի փոքր ուշ է, իսկ 2023 թվականի համար արդեն իսկ ծրագրել ենք երկու շատ լուրջ մրցում: Ընթանում են բանակցություններ, ճանապարհի մեծ մասն անցել ենք, առավել մանրամասն կհայտարարենք վերջնական պայմանավորվածություններից հետո»:
 

Նմանատիպ նյութեր