211652_close_icon
views-count2146 դիտում article-date 19:02 21-04-2022

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ուղարկած պաշտոնական գրությամբ հաստատել է՝ 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը:

Ժամկետները դեռևս հստակեցման փուլում են, բայց առաջնությունը կանցկացվի ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծում է՝ ամեն ինչ պետք է անենք Եվրոպայի առաջնությունն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար. «Սա իսկապես շատ լավ հնարավորություն է մեր ամենաուժեղ մարզաձևերից մեկը կրկին ցուցադրելու, Եվրոպային ասելու, որ մենք լավ ծանրամարտ ունենք: Դա էլ, ընդհանուր առմամբ, կօգնի մասսայականության աճին: Պետք է ամեն ինչ անենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացնենք շատ բարձր մակարդակով»:

Հայաստանում կայանալիք առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:

Հիշեցնենք՝ մարտի վերջին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել էր Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին:

EWF ներկայացուցիչներն այցելել էին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ հաջորդ տարվա գարնանը կանցկացվի Եվրոպայի առաջնությունը: Անտոնիո Կոնֆլիտին և Միլան Միխայլովիչը նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և hամալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել էին մարզահամերգային համալիրի ենթակառուցվածքներին ու պայմաններին, քննարկել առաջնության կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր