211652_close_icon
views-count21241 դիտում article-date 10:49 12-10-2021

Պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրը հերթական փուչիկն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր