211652_close_icon
views-count1852 դիտում article-date 22:40 09-10-2021

Հանրության լայն շրջանակին ներկայացվեց Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված տարբերակը

Թարգմանչաց տոնի առթիվ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ Կորյունի «Վարք Մաշտոցի» գրքի վերախմբագրված և վերահրատարակված տարբերակը:

Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Օշականում:

«Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը «Ինքնություն» մատենաշարի երկրորդ գիրքն է: Խորհրդային տարիներին այն հրատարակվել է. մենք վերահրատարակում ենք, քանի որ ցանկանում ենք՝ ժամանակակից սերնդին, ընթերցասերներին առավել մոտեցնել մեր արժեքներին, իսկ դա անելու համար պետք է հետ նայել և հասկանալ, թե ինչ ենք ստեղծել»,-ընդգծեց հրատարակչության ներկայացուցիչ, արձակագիր Դավիթ Սամվելյանը:

«Էդիթ Պրինտի» խմբագիր Նշան Աբասյանի խոսքով՝ խորհրդային տարիներին գրականագետները գրքին մոտեցել են որպես գեղարվեստական գործի ու խոսել են հեղինակի լեզվաոճական շնորհների մասին, իսկ պատմագիտությունը հաճախ ասել է, որ եկեղեցու ազդեցությամբ գրված գրքեր են և այլն: «Մենք փորձել ենք այս կարծրատիպերը կոտրել և գիրքը ներկայացնել որպես հոգևոր վավարեգրություն, պատմական իրադարձությունների օբյեկտիվ նկարագրում այդ ժամանակում ապրած մարդու կողմից: Գիրքը վերընթերցելիս խմբագրման ժամանակ հիմնականում ծանոթագրությունների մեջ ենք փոփոխություններ արել, որովհետև մեծ էր խորհրդային գաղափարախոսության կնիքը, իսկ աշխարհաբար բնագրում այն բառերը, որոնք սովորաբար եկեղեցական գրականության մեջ մեծատառ են գրվում դարձրել ենք մեծատառ ի տարբերություն խորհրդային շրջանում տպագրված տարբերակի»,-պատմեց Աբասյանը:

«Վարք Մաշտոցին» առաջին մեսրոպատառ ինքնուրույն երկիրն է։ Գիրքը երեք բնագրի աշխարհաբար փոխադրություն է՝ աշխատասիրությամբ ձեռագրագետ Ա․ Մաթևոսյանի։ Առաջին՝ ընդարձակ բնագրի ծանոթագրությունները Մանուկ Աբեղյանինն են՝ վերանայված և խորհրդային գաղափարախոսության կնիքից ազատված։

Նմանատիպ նյութեր