Համաշխարհային օլիմպիական գրադարանում կարելի է ծանոթանալ ՄՕԿ-ի օլիմպիական հետազոտությունների կենտրոնի բացառիկ և եզակի հավաքածուներին
Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերին վերաբերվող ավելի քան 250 պաշտոնական հրապարակում կընդգրկվի ՄՕԿ –ի օլիմպիական հետազոտությունների գրադարանում:
Այդ փաստաթղթերը հասանելի կլինեն խաղերի ապագա կազմակերպիչներին, լրագրողներին, ուսանողներին և հետազոտողներին:
<< Տոկիո - 2020 >> կազմկոմիտեից ակնկալվում է ավելի քան 300 հրապարակում , - ասել է կենտրոնի ղեկավար Մարիա Բոները: - Դրանք ներառում են այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են խաղերի ժառանգության հաշվետվությունը, մրցումների արձանագրությունները, շահագրգիռ կողմերի ուղեցույցները և բացատրական գրքույկներ՝ ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր մարզաձևի համար:
Ընդհանրապես օլիմպիական խաղերի կազմկոմիտեները հրապարակումների ամբողջական փաթեթները տրամադրում են նշած կենտրոնին:
ՄՕԿ -ին ներկայացվելիք պաշտոնական փաստաթղթերից վերջինը հաշվետու զեկույցն է: Որպես կանոն, այն հրապարակվում է խաղերի փակվելուց մեկ տարի անց:
Նյութերի ամբողջական հավաքածուն ներառում են կազմկոմիտեի, միջազգային մարզական ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների հրապարակումները: Նախկինում դրանք գրեթե բոլորը տրամադրվում էին տպագիր տարբերակով, ապա թվայնացվում էին: Այժմ իրավիճակը փոխվել է: << Տոկիո – 2020 >> -ից կստացվի նվազագույն քանակի ՝ նույնիսկ 50 -ից պակաս թղթային օրինակ, իսկ մնացածը թվային է:
Համաշխարհային օլիմպիական գրադարանում Տոկիոյի խաղերին վերաբերող հրապարակումները կարելի է որոնել տարբեր թեմաներով ` կայուն զարգացում, ժառանգություն, մարզիկներ, մարզաձևեր:
Այս նյութերն անգնահատելի տեղեկատվություն են պատմաբանների, հետազոտողների, ինչպես նաև ներկա և ապագա կազմկոմիտեների ղեկավարների համար:
Հետաքրքիր է, որ տեղեկատվության հավաքագրումը սկսվում է մրցումների մեկնարկից շատ առաջ: Օրինակ, կենտրոնը արդեն մի քանի հրապարակում է ստացել << Փարիզ-2024 >> խաղերի վերաբերյալ:
Համաշխարհային օլիմպիական գրադարանը միաժամանակ կատալոգ է, տեղեկատվական պորտալ և որոնողական համակարգ: Դրանց միջոցով կարելի է ծանոթանալ ՄՕԿ -ի օլիմպիական հետազոտությունների կենտրոնի բացառիկ և եզակի հավաքածուներին, պաշտոնական բոլոր հրապարակումներին, ներառյալ ՝ գիտնականնների և փորձագետների մեկնաբանություններին, գրքերին, հոդվածներին և այլն: