211652_close_icon

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Զովունի գյուղի գերեզմանոցում փրկարարները հայտնաբերել են վառվող ավտոմեքենա, իսկ մի քանի մետր հեռու՝ կիսամերկ վիճակում կապված մեքենայի վարորդին, ով գերեզմանատան պահակն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count83308 դիտում article-date 11:01 03-10-2021
Երեկ՝ հոկտեմբերի 2-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  911  ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:  Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

Հրշեջները  իրենց վրայից հանել են հագուստները և հագցրել այդ քաղաքացուն, արձակելով կապերը, այնուհետև օգնել են օպերատիվորեն  ժամանած շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության  Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Վաղինակ Ավետիսյանի և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ  Համբարձում Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են, որ տուժածը Զովունի գյուղի բնակիչ, 48-ամյա Կորյուն Ասատրյանն է, ով աշխատում է նշված գերեզմանատանը՝ որպես պահակ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը  հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև  նրա ВАЗ 2101  մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են:

Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործոթյունը բացահայտելու, այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու  ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր