211652_close_icon
views-count1523 դիտում article-date 19:22 29-09-2021

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 29-ին ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ 

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Անն Լույոն կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում, զրուցակիցները առաջնահերթորեն քննարկել են տնտեսական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման նպատակով կոնկրետ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև կրթական ու մշակութային բնագավառներում կապերի ամրապնդման հետագա հեռանկարները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ 

Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ՝ նախագահ Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության  հարցերին:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։

Նմանատիպ նյութեր