211652_close_icon
views-count2472 դիտում article-date 10:37 25-09-2021

Պատերազմում պարտվում կամ հաղթում է պետությունը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««ՔՊ»-ական պատգամավորներից մեկը, որը գեներալի կոչում ունի, ի պատասխան կին-լրագրողի՝ կորցրած տարածքների մասին հարցին, ձեռքերը պարզել է նրա ուղղությամբ ու բացականչել. «Գնայիք, պահեիք, չտայիք այդ տարածքները»: Ինչ խոսք, իշխանությունը որդեգրել է պարտության համար արդարանալու բավականին օրիգինալ մեթոդներ:

Բայց, մյուս կողմից, ընդունենք, որ այն քարոզչական թեզը, թե իբր ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ պետք է գնային ու պահեին իրենց հողը, բայց դա չարեցին, «ուտվում է» հասարակության մեծ մասի կողմից: Խնդիրն այն է, որ այդ մեծամասնության մեջ դեռեւս կա այն համոզմունքը, որ «խաղաղ պայմաններում» կարելի է ոչինչ չանել, բայց հենց որ պատերազմը սկսվում է, պետք է կամավորական ջոկատներ կազմել եւ գնալ կռվի, ու որքան բազմամարդ լինեն այդ ֆիդայական ջոկատներն, այնքան մեծ է հաղթելու հավանականությունը: 21-րդ դարում այդպիսի պատերազմ չի կարող լինել: Ի դեպ, հաջորդ պատերազմը կլինի ոչ միայն ԱԹՍ-ների, այլ, ենթադրում եմ, արհեստական բանականության լայն կիրառմամբ:

Ընդհանրապես, բոլոր ժամանակների համար կարելի է ասել, որ պատերազմը վարում են ոչ միայն բանակները (կանոնավոր եւ ցանկալի է՝ պրոֆեսիոնալ), այլեւ, նույնիսկ առաջին հերթին, պետությունները՝ իրենց տնտեսությամբ, արտաքին քաղաքականությամբ, գիտությամբ, կրթությամբ եւ մշակույթով: Հայրենասիրությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը պետք է դրսեւորվեն թե՛ ռազմի դաշտում, եւ թե՛ բոլոր նշված ոլորտներում: Իսկ ամենից առաջ իշխանությունը պետք է դրսեւորի կառավարման, հասարակությունը համախմբելու իր ունակությունը:

Հետեւաբար, պատերազմի դրական կամ բացասական ելքի համար պատասխանատու է պետության առաջին դեմքը: Եթե ոչ միայն 680 հազար, այլ 3 միլիոն, կամ անգամ՝ 10 միլիոն հայ մտածի, որ նա այստեղ ոչ մի կապ չունի, ես, միեւնույն է, իմ կարծիքին կմնամ: Ֆիդայական պատմություններն, այո, ոգեւորիչ են, բայց որպես 21-րդ դարի պետության ու բանակի ռազմավարություն՝ անընդունելի:

Վերջերս վարչապետ Փաշինյանը նշել է, որ հաղթելու համար պարտադիր չի եւ գուցե պետք էլ չի հաղթել ուրիշներին, հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել մահվանը։ Զուտ տեսականորեն դա որոշ դեպքերում կարող է եւ ճիշտ լինել: Բայց, եթե խոսքը անցած տարվա պատերազմի մասին է, ապա դժվար է համաձայնել, որ մենք պարտվել ենք հուսահատությանը կամ մահվանը: Մենք պարտվել ենք թուրք-ադրբեջանական բանակին՝ մեր պետությունը, մեր դիվանագիտությունը, մեր բանակն ավելի թույլ գտնվեց, քան այդ երկու պետություններինը՝ իրենց հնարավորություններով: Ավելի լավ է իրերն իրենց անունով կոչել, քան ընկնել հոգեբանական նրբությունների մեջ: Դրանք առանձնապես չեն սփոփում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր