211652_close_icon
views-count48312 դիտում article-date 13:43 23-09-2021

«Արմավիր» բժշկական կենտրոն տեղափոխված 39-ամյա տղամարդուն մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառած կասկածյալին Արմավիրի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, մարմնական վնասվածք հասցնելու հետևանքով մահվան ելքով դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ 

Ժամը 01։50-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «ճակատի աջ հատվածում սալջարդ վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանը։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածը արդեն մահացած է եղել։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Արամայիս Գ-ն էր։

Նույն օրը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզում են դեպքի հանգամանքները. Արամայիս Գ-ի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արտակ Պ-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ էլ Արտակ Պ-ն հարվածում է Արամայիս Գ-ի գլխի հատվածին, ինչի հետևանքով էլ նա մահանում է։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-դ մասի 14 կետի հատկանիշով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են Արտակ Պ-ին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Քննիչի որոշմամբ Արտակ Պ-ն ձերբակալվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր