211652_close_icon
views-count3748 դիտում article-date 09:01 23-09-2021

Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ է դրել առաջիկա երեք ամիսներին ՀՀ մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ: Դա է պատճառը, որ սեպտեմբերի 24-ին հայրենի կառավարությունը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է` ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Բանն այն է, որ դեկտեմբերի 5-ին տարբեր համայնքներում ընտրություններ են սպասվում, իսկ իշխանությունը նպատակ ունի համայնքները խոշորացնել ու բոլոր տեղերում հաղթանակ ապահովել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների համար: Նշենք, որ այդ օրը ընտրություններ են սպասվում ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Մեծաձոր, Արեւուտ, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սեւան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում:

Իշխանությունը նպատակ է դրել խոշորացնել այդ համայնքները ու նոր մասնակցել ընտրությունների: Իսկ քանի որ հնարավոր է իշխանական թեւին չհաջողվեր հասցնել խոշորացման պրոցեսը արագ իրականացնել, որոշել են մեկ օր անգամ չկորցնել ու արտահերթ նիստով նախագիծն ընդունել, գործի անցնել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր