211652_close_icon
views-count14602 դիտում article-date 17:14 19-09-2021

Թումոն 10 տարեկան է. Գյումրիում վերաբացվել է Թումոյի վերակառուցված կենտրոնը

Թումոյի տասնամյակի առթիվ սեպտեմբերի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ Թումո վերակառուցված կենտրոնի բացումը և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերներ:

Միջոցառմանը ուղիղ տեսակապի միջոցով միացել էին նաև Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանները:

«Մեր առաքելություն է հզորացնել բոլոր հայ երիտասարդներին իրենց կարողությունները լիարժեք օգտագործելու համար»,- ասել է Սեմ Սիմոնյանը: «Եվ հիմա մենք Հայաստանում և Արցախում այդ նպատակն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին ենք»:

«10 տարի առաջ մենք հավանական չէինք համարում, որ նման կենտրոն կարող էինք ունենալ։ Գաղափարը ոգևորիչ է և ամենակարևորը իրականացնողները հավատում են, իսկ եթե հավատում են՝ կունենան հաջողություն», – լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարար Վահագն Խաչատուրյանը։

ԱԺ նախագահը և կառավարության անդամները շրջայց են կատարել նորաբաց Թումո կենտրոնում, ծանոթացել տեխնիկական հնարավորություններին:

Թումո կենտրոնները իրականացնելով 16 կենտրոնների և 110 տուփերի նախագիծը՝ Թումոյի ծրագիրը կհասցնեն Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարել է «Թումո Հայաստան. 5 տարի 50 միլիոն դոլար» նախաձեռնության մասին, որի նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու ողջ երկրով մեկ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր