211652_close_icon
views-count832 դիտում article-date 15:50 16-09-2021

Նախարար Նարեկ Մկրտչյանը՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկզբունք է որդեգրել՝ ուշադրություն դարձնել զբաղվածության ծրագրերին և փորձել դրանցով սահմանել զարգացման ուղենիշեր։

Գերատեսչության նորանշանակ նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ նախարար նշանակվելը մի քանի ամիս փոխնախարարի պարտականություններն է կատարել, «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց, որ այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ ոլորտում առկա մարտահրավերներին։

«Բավական ժամանակ եմ ունեցել ծանոթանալու ոլորտի մի շարք խնդիրներին և արդեն կարող եմ նախանշել դրանց լուծումները։ Մեր մարտահրավերներից մեկն այս պահին Միասնական սոցիալական ծառայության կայացումն է։ Ապրիլին ստեղծվել է նոր մարմին, որն իր մեջ ներառում է 4 ծառայություն՝ բժշկասոցիալական փորձաքննության, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովության, աշխատանքի և զբաղվածության։ Մեզ համար շատ կարևոր է այդ կառույցի կայացումը, որը հանրապետության ամենատարբեր քաղաքներում տարածքային այդ կենտրոնները դարձնում է համայնքների կարևոր կենդանի օրգանիզմներ։ Բնական է, որ յուրաքանչյուր նոր ռեֆորմ իր հետ բերում է մի շարք մարտահրավերներ, խնդիրներ, որոնց համար պետք է հարիր պատասխաններ մշակվեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- նշեց Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ սոցիալական ոլորտին առնչվող մի շարք զգայուն ու խոցելի ճյուղեր կան, որոնք համապատասխան անդրադարձ ու մոտեցում են պահանջում։

Մատնանշելով համակարգի դրական կողմերը՝ նորանշանակ նախարարը շեշտեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ ծանրագույն ժամանակաշրջանում, իրենց կառույցը ստանձնել է մի կարևոր դերակատարություն՝ մշակել ծրագրեր, որոնք հնարավորինս թույլ կտան հաղթահարել հետպատերազմյան ներքին ճգնաժամը։

«Արմենպրես»-ի զրուցակիցն անդրադարձավ նաև նոր ծրագրերին. Մկրտչյանը վստահեցրեց՝ իրենք արդեն սկսել են վերանայել և ուսումնասիրել զբաղվածության ծրագրերի արդյունավետությունը։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի աշխատանքային միջավայրին նպաստող իրողություններ տեղի ունենան։ Նաև փորձում ենք հետաքրքիր աշխատանքային ֆորմատ ստեղծելով մարզպետարանների, համայնքապետարանների հետ՝ պետական ծրագրերն ավելի հասանելի դարձնել համայնքներին՝ նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության միջոցով»,- մանրամասնեց նա։

Ինչ վերաբերում է կադրային ջարդին, նորանշանակ նախարարը խոստովանեց՝ իր պաշտոնավարման սկզբից էլ մտադրություն չի ունեցել կադրային ջարդ իրականացնել, սակայն, այդ ամենն, ըստ էության, յուրաքանչյուր կառույցի բնական գործընթացներից մեկն է։

«Որոշակի փոփոխություններ եղել են. Միասնական սոցիալական ծառայությունում նոր ղեկավար է նշանակվել՝ հստակ սահմանված ռազմավարական մոտեցումներով։ Նախկին պատասխանատուները բավականին մեծ աշխատանք են կատարել, բարեփոխումներ են արել։ Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն ունի դրսևորելու իր գիտելիքները, հմտությունները։ Չեմ կարծում, որ կանոնակարգային հարաբերություններն ապահովելու, հայրենիքին ծառայելու մոտեցում ունենալու պարագայում կադրային ջարդ կարող է լինել։ Եթե որպես պետական պաշտոնյա, որպես պետական կառավարման համակարգում ներգրավված աշխատող չունենաս հայրենիքին ծառայելու մոտիվացիա և ձգտում, բնականաբար, պետք է տեղդ զիջես մեկ այլ մարդու, ով կունենա այդ ձգտումը»,- նշեց նա։

Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ գերատեսչությունը նաև առանձնահատուկ կարևորություն է տալիս սոցիալական բնակարանաշինության ռազմավարությանը և բնակապահովության ռազմավարության մշակմանը։

Նմանատիպ նյութեր