211652_close_icon
views-count18435 դիտում article-date 23:52 31-08-2021

Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. 22–ամյա վարորդը Opel-ով բախվել է Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում  22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում  հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները  ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը, որը Շաղոյանց Անդոյի «Շաղո» կովն է, պարանոցի մասում վնասվածք է ստացել ու հիմա Շաղոյանց Անդոն մտածում է՝ արդյոք կբուժվի «Շաղո» կովը, թե տանի ղասաբի մոտ:

«Ճիշտ է, «Շաղոն»  տուժեց, բայց էլի փառք ենք տալիս, որ վարորդի կյանքը վտանգված չէ՝ շնորհիվ նաև հոգատար քաղաքացիների ու Եղեգնաձորի բժիշկների»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր