211652_close_icon
views-count45475 դիտում article-date 19:28 31-08-2021

Պարզվել է երեկ Երևանում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայի և Mercedes-ի բախման հետևանքով բոլոր վիրավորների ինքնությունը. նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ  Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝   Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և  19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ  մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն, ովքեր   հարազատ եղբայրներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թորոսյանը, 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը և վթարված Nissan մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող,  Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Անահիտ Միսակյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Ա. Միսակյանը հիվանդանոցում մահացել է:

Վիրավորներից Խ. Թորոսյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ, Հ. Կաղզվանցյանը՝  «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բուժքույր, Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, մյուս վիրավորներից  Մ. Մելքոնյանը  սովորում է Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Ֆարիզյանը  ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար, թե արդյոք Ա. Միսակյանը վթարի հետևանքով է մահացել, թե առողջական խնդիր է ունեցել:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել էին Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,  34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով  Nissan-ը կողաշրջվել էր:

Օպերատիվորեն  դեպքի վայր էին ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում  հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մի քանիսին  հիվանդանոց էին  ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Տեղում ուժեղացված  ծառայություն էին կատարում Երևանի գնդի  3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում էր, որ պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ մի խցանում տեղի չունեցավ և շտապօգնության  ավտոմեքենաները կարողանում էին առանց խոչընդոտի երթևեկել:

Վարորդները տեղում ենթարկվել էին սթափության փորձաքննության,  երկուսն էլ եղել են սթափ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի  գնդից տեղեկությունը փոխանցել էին  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր