211652_close_icon
views-count1775 դիտում article-date 15:17 30-08-2021

Հայաստանի համար ամենակարևորը արցախահայության՝ սեփական հողում ազատ ապրելու իրավունքն է. Իտալիայում ՀՀ դեսպան

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցել է «Կամպանիա Եվրոպա Միջերկրական» ասոցիացիայի կազմակերպած ամենամյա «Premio Marzani» մրցանակաբաշխությանը, որի ընթացքում մրցանակ է ստացել, իսկ միջոցառման ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, իր խոսքում դեսպանը ներկայացրել է նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմը և դրա հետևանքները, խոսել է այդ պատերազմի ընթացքում Թուրքիայի դերի մասին։ Դեսպանը ներկաներին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեղված գերիների վերադարձը և շարունակում է անազատության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների։ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած տարածքներում Ադրբեջանն ավերում է հայկական բազմադարյա մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները։ Դեսպանը նշել է նաև, որ չնայած պատերազմը դադարեցվել է, սակայն դեռևս լուծված չէ Արցախի խնդիրը։

Դեսպանը նշել է, որ հայկական կողմի համար ամենակարևորը արցախահայության՝ սեփական հողում ազատ ապրելու և արարելու իրավունքն է, որն իրացնելու միակ ձևը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Ծովինար Համբարձումյանը խոսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունների և այդ երկրի իշխանությունների ներկայացրած տարածքային նկրտումների մասին։ Դեսպանը ներկաներին տեղեկացրել է նաև Թուրքիայի պանթուրքիստական ծրագրերի, դրա վտանգների և Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով միավորվելու ձգտումների մասին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Իտալիայի Սան Ջորջո դել Սանիո քաղաքում:  Այն անցկացվում է Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Իտալիայի պատգամավորների պալատի, Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, Կամպանիա նահանգի, Բենեվենտոյի շրջանի, Բենեվենտոյի Առևտրի պալատի, Կամպանիա շրջանի լրագրողների միության, Սանիոյի համալսարանի, ինչպես նաև Սան Ջորջո դել Սանիո քաղաքի հովանու ներքո։

Միջոցառմանը, որը հյուրընկալել էր Սան Ջորջիո դել Սանիոյի քաղաքապետարանը, մասնակցել են նաև Իտալիայում Իրաքի և Արաբական լիգայի դեսպանները:

Ծովինար Համբարձումյանին հանձնվել է «Premio Marzani» մրցանակը, որը տրվում է լրագրողներին, գրողներին և դիվանագետներին, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի ավանդ են ունեցել խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Մրցանակների հանձնման արարողությանը նախորդել է քննարկում՝ նվիրված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Միջոցառման ժամանակ ելույթներ են ունեցել նաև Սան Ջորջիո դել Սանիոյի քաղաքապետ, Պատգամավորների պալատի նախկին անդամ Մարիո Պեպեն, «Ասադակահ» գործակալության լրագրող Թալալ Խրայիսը և «Կամպանիա Եվրոպա Միջերկրական» ասոցիացիայի նախագահ Էնցո Պարցիալեն, հանրահայտ լրագրողներ, հասարակական գործիչներ։

Միջոցառմանը ներկա են գտնվել լրագրողական համայնքի ներկայացուցիչներ, քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքացիներ։

Նմանատիպ նյութեր