211652_close_icon
views-count1167 դիտում article-date 10:49 28-08-2021

Մերօրյա գրաքննության ձևերը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում գոյություն ունեցող ճգնաժամը, որը, ցավոք, սպառնում է նաեւ մեր անվտանգությանը, կարծում եմ, համընդհանուր ճգնաժամի մասնավոր արտահայտությունն է: Դրա դրսեւորումները բազմաթիվ են՝ սկսած աշխարհի տարբեր հատվածներում բռնկվող ռազմական կոնֆլիկտներից, եւ վերջացրած՝ տարբեր երկրներում (այդ թվում Հայաստանում) կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ համոզիչ արդյունքներով: Եվ այդ ամենն ուղեկցվում է մարդկանց ուղեղները լվալու աննախադեպ, կասեի անգամ՝ տիեզերական մասշտաբներով, ինչպես նաեւ՝ համերաշխությանը, համագործակցությանը խոչընդոտելուն, հասարակությունները բզկտելուն ուղղված նպատակաուղղված ջանքերով:

Ինչպես էր 20-րդ դարի ավտորիտար եւ տոտալիտար երկրներում իրականցվում գրաքննությունը: Շատ պարզ. այն լրատվամիջոցները, որոնց հայտնած տեղեկություններն ու կարծիքները հակասում էին «կուսակցության գլխավոր գծին», պարզապես արգելվում էին, հետապնդվում էին եւ այլն: Հիմա էլ կան այդպիսի երկրներ, որտեղ կիրառվում են այդ հնացած գործիքները: Բայց սոցիալական ցանցերի դարում դրանք, մեծ հաշվով, արդյունավետ չեն:

Այսօր գործում են գրաքննության բոլորովին այլ միջոցներ: Փորձեմ նկարագրել այն սխեման, թե ինչպես են հիմա մարդկանց փորձում լռեցնել: Աշխարհի սոցցանցերում ամեն վայրկյան, կասեի անգամ՝ ամեն միլիվայրկյան ի հայտ են գալիս մարդիկ կամ խմբեր, որոնք «արգելում են» քննարկել այս կամ թեման կամ արտահայտել այս կամ այն կարծիքը, նաեւ պահանջում են պատժել տվյալ թեման կամ կարծիքը բարձրաձայնողին: «Փաստարկները» մոտավորապես հետեւյալն են. «Ինձ համար տհաճ է այս քննարկումը, դա վիրավորում է իմ զգացմունքները. անպարկեշտ է, տգեղ է, ապազգային է, անմարդկային է նման բաների մասին խոսելը: Անմիջապես վե՛րջ տվեք: Թե չէ մենք քեզ կգամենք անարգանքի սյանը: Կասենք, որ դու թուրք ես, սերժական ես, նիկոլական ես, մասոն ես, սորոսական ես, հոմոֆոբ ես կամ միասեռական»: Հաշվարկն այն է, որ եթե նման՝ գրաքննություն սահմանող մեկնաբանությունները 100-ն են կամ 1000-ը, եթե դրանց «լայքերն» ու «սրտիկները» 1000-ն են կամ 10 000-ը, ապա այդ թեմայով խոսացողը կահաբեկվի, կվախենա «ժողովրդի դատաստանից» եւ կլռի: Եվ դա իսկապես տեղի է ունենում: Այդպիսով քննարկվող թեմաների եւ արտահայտած կարծիքների շրջանակը խիստ սահմանափակվում է:

Այդ նորօրյա գրաքննության գործիքներն են՝ պոպուլիզմը, «պոլիտկոռեկտությունը», ինքնության արհեստական խմբերի ձեւավորումը (երբ ես, օրինակ, ասում եմ, որ ազգը բաժանվում է հանուն ինչ-որ լավ բանի պայքարողների եւ ազգային տականքի), ինչպես նաեւ՝ այն, ինչ անգլերեն կոչվում է cancel culture՝ մերժման, չեղարկման մշակույթ: Պարզապես թվարկում եմ դրանք՝ մանրամասները թողնելով առաջիկա վերլուծության համար:

Իսկ այստեղ պարզապես արձանագրեմ, որ հասարակության մեջ միասնականություն եւ համերաշխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե բոլոր խնդիրներն ազատ եւ անարգել քննարկվում են: Եվ ոչ ոք ոչ մեկի «բերնին չի գալիս»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր