211652_close_icon
views-count1235 դիտում article-date 10:37 26-08-2021

«ՔՊ»-ի հաջողության գրավականն ատելությունն էր, որը նպատակասլաց կերպով հրահրվում էր բնակչության մեջ․ բևեռացված հասարակության արտացոլումը․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորողը գրում է․ «Ի՞նչ է տեղի ունենում, երբ երկու մարդ (ասենք, ամուսիններ կամ ընկերներ) բուռն վեճի մեջ են: Ի՞նչ է, նրանք փորձում են իրար համոզել, թե որ գաղափարն է ավելի ճիշտ: Իհարկե, ոչ: Նրանք պարզապես իրար վրա գոռում են, եւ փորձում են դա անել որքան հնարավոր է բարձր, որպեսզի դիմացինի ձայնը չլսվի: Նրանք վիճում են ոչ թե իրար լսելու, այլ ճիշտ հակառակը՝ իրար Չլսելու համար:

Ես հիշեցի, երբ 2012 թվականին «նախընտրական հեռուստաբանավեճի» մեջ էին Վլադիմիր Կարապետյանը (ՀԱԿ) եւ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ). ինչ-որ մի պահից նրանք միաժամանակ բարձրաձայն խոսում էին՝ այնպես, որ նրանց ասածներից ոչ մի բառ չէր հասկացվում: Մինչեւ որ բանավիճող կողմերից յուրաքանչյուրը  չընկալի, որ նա Բացարձակ Ճշմարտության կամ, որ տվյալ դեպքում նույնն է՝ Ժողովրդի մարմնավորումը չէ, նրանք իրար լսելու ոչ հնարավորություն չեն ունենա:

Բայց մինչեւ 2021 թվականի խորհրդարանի ձեւավորումը՝ այդ ամենը տեղավորվում էր համընդհանուր հոգեբանական օրինաչափությունների մեջ, որոնք դրսեւորվում են ամենուր եւ բոլոր ոլորտներում՝ կենցաղից սկսած: Այդ ամենին գումարվում են մեր երկրին հատուկ հասարակական-քաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին 10-12 տարիների ընթացքում: Եթե կարճ բնութագրենք, թե ինչումն է այդ յուրահատկության արմատը, ապա դա, անշուշտ, կարելի է ձեւակերպել որպես հասարակության ծայրահեղ բեւեռացում: Ընդ որում, ենթադրում եմ, որ այն տեղի է ունեցել ոչ թե տարերայնորեն, այլ՝ որպես քաղաքական ուժերի նպատակաուղղված ջանքերի արդյունք:

«Ով մեզ հետ չէ, նա տականք է»՝ այսպիսին էր, ըստ էության, 2008 թվականի նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կարգախոսը: Այնպես որ՝ «սեւի» եւ «սպիտակի» բաժանման «հեղինակային իրավունքը» ոչ Հայկ Մարությանինն է, ոչ էլ Նիկոլ Փաշինյանինը: Ուրիշ հարց, որ այդ կարգախոսը դուր էր եկել ՀԱԿ-ի այն թեւին, որն այնուհետեւ առանձնացավ Փաշինյանի ղեկավարությամբ, եւ հենց այդ մոտեցումը դարձավ հետագա տարիների նրանց քաղաքականության «կրեդոն»:

«Իմ քայլի» կամ «ՔՊ»-ի հաջողության գրավականն  է ատելությունն ու թշնամանքը, որը նպատակասլաց կերպով հրահրվում էր բնակչության մեջ: Իհարկե, դրա հիմքը նախորդ տասնամյակներում այդ նույն բնակչության «լյումպենացումն» էր՝ ոչ միայն նյութական, այլեւ հոգեւոր, կասեի անգամ՝ մտավոր, եւ այդ ամենի պատասխանատուն իսկապես նախորդ իշխանություններն են: Բայց դա առանձին թեմա է:

Եվ ահա այս մակարդակն ու տրամադրություններն ունեցող հասարակությանն առաջարկվել է հունիսի 20-ին ընտրություն կատարել «սեւի» եւ «սպիտակի» միջեւ: (Կային այլ գույներ, որոնց վրա, սակայն, քչերն ուշադրություն դարձրեցին):  «ՔՊ»-ն ասում էր՝ «մենք գնում ենք խորհրդարան՝ «նախկինների» հերն անիծելու համար»: «Նախկիններն» ասում էին՝ «մենք գնում ենք ԱԺ՝ դավաճանին հեռացնելու համար»: Մնացած բոլոր խոստումները ձեւական էին, ոչ մի ընտրողի չէին հետաքրքրում: Արդյո՞ք նման մտադրություններով, ընտրողների նման մանդատ ստացած, բզկտված, բեւեռացված հասարակությունն արտացոլող քաղաքական ուժերից դուք ակնկալում եք, որ նրանք կզբաղվեն օրենսդիր գործունեությամբ եւ կքննարկեն մեր պետությանը հուզող հարցեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր