211652_close_icon
views-count92298 դիտում article-date 13:16 21-08-2021

300 նպաստառու ընտանիք կստանա 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ․ «Ա1+»

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝ Ճապոնիայի կառավարության (Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի) ֆինանսավորմամբ իրականացնում է  «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է խթանել աղքատությունից տուժող խոցելի խմբերի ինքնաբավ գործառումը՝ ակտիվացնելով նրանց և քաջալերելով նրանց  մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին Հայաստանի հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։ Գրում է «Ա1+»-ը։

Ծրագրով նախատեսված են բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ սոցիալական աշխատանքի զարգացում, սոցիալական դեպքի մարման մեթոդաբանության մշակում, ինչպես նաև իր բնույթով և ծավալներով Հայաստանում աննախադեպ սոցիալապես խոցելի խմբերի ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագիր: Մասնավորապես՝ վերոհիշյալ մարզերի շուրջ 300 նպաստառու ընտանիք կստանա 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ սեփական բիզնեսը նախաձեռնելու և ընտանիքի սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: 

Արարատի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ հերթական համայնքային հանդիպումը (ք․ Արտաշատ), որի նպատակն էր ապահովել ծրագրի մասին հնարավորինս լայն իրազեկվածություն, պոտենցիալ շահառուներին ծանոթացնել բիզնես դրամաշնորհների համար ծրագրին դիմելու ընթացակարգին, սահմանված չափորոշիչներին։ 

«Այս ծրագրում շեշտադրված է երեխա ունենալու հանգամանքը։ Ծրագրին կարող են դիմել Ընտանեկան նպաստի համակարգում գրանցված երեխա ունեցող այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա, իսկ մեկ կամ երկու երեխա ունենալու դեպքում առնվազն մեկ երեխան պետք է լինի հինգ տարեկանից փոքր: Ծրագրին մասնակցելու ցանկությունը լինելու է շահառուների կամքով, նրանց հետ սոցիալական ծառայության աշխատակիցները նախապես կազմված գործիքով հարցազրույցներ են իրականացնելու փնտրելու են խոստումնալից ընտանիքներ, որպեսզի հետո կարողանան մոտիվացնել, աջակցել ընտանիքին, զարգացնել, որից հետո ընտրված շահառուները կանցնեն բիզնեսի համար հատուկ դասընթացներ, ընդհանուր գրագիտություն ուսոցանող դասընթացներ բիզնես խորհրդատուների կողմից։ Այս ծրագիրը շահառուներին հրարավորություն է տալիս և սոցիալական աշխատողի աջակցություն և բիզնես խորհրդատու աջակցություն»,- իր խոսքում ներկայացրեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Ակնկալվում է, որ նրանցից առնվազն 11,200 –ի կյանքի որակը կբարելավվի այս եռամյա ծրագրի արդյունքում։ Նշվում է, որ առնվազն 300 շահառու (40%՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ ($4000 յուրաքանչյուրը), որից առնվազն 225 բիզնես ծրագիր ինքնաբավ կլինի ծրագրի ավարտին։ 200 սոցիալական աշխատողներ՝ այդ թվում համայնքային սոցիալական աշխատողներ, հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեմքի վարման (case managment) հմտությունները։

Նմանատիպ նյութեր