211652_close_icon
views-count3929 դիտում article-date 23:07 17-08-2021

Խդր Հաջոյանը հնդիկ պատգամավորի և դիվանագետների հետ այցելել է Հայաստանում եզդիների Ակնալիճ հոգևոր կենտրոն

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հրավերով՝ օգոստոսի 17-ին, Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեն, Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, «Հնդկա-հայկական բարեկամության» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ  պաշտոնապես այցելել են Հայաստանում եզդիների Ակնալճի հոգևոր կենտրոն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, եզդի հոգևորականներ և այլք:

Այցելության ընթացքում Հնդկաստանի պետական այրերը ծաղիկներ են դրել եզդի ժողովրդի 2014 թվականի ցեղասպանության հուշակոթողի, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի և եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Հյուրերին ներկայացվել է եզդիական տաճարը, տեղի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը և այնտեղ հուղարկավորված հերոսների պատմությունն ու կարևոր դրվագները, Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումներն ու մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Հնդկաստանի խորհրդարանում եզդի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր