211652_close_icon
views-count2044 դիտում article-date 10:37 17-08-2021

Պիտակները սխալ չեն, բայց ոչինչ չեն բացատրում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ խմբագրականում ես արձանագրել էի, որ Ազգային ժողովի բանավեճն ընթանում է «թալանչի» եւ «հողատու» պիտակների շուրջ, եւ  այդ պրիմիտիվ բանվեճն ինձ թվում է վնասակար՝ պետության տեսանկյունից: Ընթերցողների արձագանքը երեք տեսակի էր. 1/ «թալանչին» ճիշտ է,  «հողատուն»՝ սխալ, 2/ «հողատուն» ճիշտ է, «թալանչին»՝ սխալ, 3/ երկուսն էլ ճիշտ են, ու պետք է խորհրդարանական այդ երեք (իրականում՝ երկու) ուժերին հանել ասպարեզից եւ քաղաքական դաշտ բերել այլ ուժերի: Արդյո՞ք ես համաձայն եմ այդ երեք պնդումների հետ: Եվ այո, եւ ոչ:

«Թալանչին» եւ «հողատուն»՝ բնորոշումները, որոնք կիրառվում են նախկին եւ ներկա իշխանությունների եւ խորհրդարանում այժմ ներկայացված ուժերի հանդեպ, սխալ չեն, բայց այդ ամենը «փազլի» (խճանկարի) մի տարր էր, որն առանձին դիտարկելիս մենք շատ հեռու ենք ամբողջական պատկերը հասկանալուց: Եթե նպատակն ինչ-որ մեկին վիրավորելն է, «զգետնելը», «ջախջախելը», ապա խնդիր չկա՝ կարելի է սահմանափակվել այդ պիտակներով: Բայց եթե ձգտում կա գտնել մեր պետության զարգացման առավել բարենպաստ եւ իրատեսական ճանապարհը, ապա այս պիտակավորումները բավարար չեն:

Եվ այդպես է ոչ միայն այդ հարցում: Վերցնենք օրինակի համար մեկ այլ դրամատիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել շատերիս կյանքի օրոք՝ Խորհրդային Միության փլուզումը: Նրանք, ովքեր ապրում են «հին ժամանակների» կարոտախտով, ասում են՝ «Գորբաչովն իր սխալ քաղաքականությամբ կործանեց հրաշալի, ծաղկուն  երկիրը»: (Նրանց մի մասը խոսում է այս կամ այն «մութ ուժերի» դավադրության մասին, բայց ծայրահեղական, նախապաշարումներով պայմանավորված տեսությունները մենք չենք քննարկում): Ավելի ազատական, արեւմտամետ հայացքներ ունեցողներն ասում են, որ այդ երկիրն այլեւս կենսունակ չէր եւ մահացավ, այսպես ասած, «սեփական մահով»: Այդ երկու պնդումները սխալ չեն, բայց մեծ հաշվով ոչինչ չեն բացատրում. թե՛ մեկ անձի գործողությունները, եւ թե՛ «պատմության բնականոն ընթացքը» ենթարկվում են ավելի մեծ օրինաչափությունների, որոնք, իհարկե, համակարգչային մեկ էջում հնարավոր չէ բացահայտել: Համենայնդեպս, իմ համեստ կարծիքը հայտնեմ. Խորհրդային Միությունը կարող էր տրանսֆորմացվել եւ դառնալ քիչ թե շատ ժողովրդավարական եւ շուկայական երկիր, եթե բաղկացած չլիներ ազգային հանրապետություններից, որի վերնախավը (այդ թվում նաեւ՝ կոմունիստական) չունենար ամբողջ իշխանությունը վերցնելու եւ հանրապետությունների ողջ հարստություններին տիրանալու հավակնություններ:

Դառնալով մեր խնդրին՝ արձանագրենք, որ քաղաքական ուժերը եւ նրանց կողմնակիցները, բնականաբար, պետք է ասեն՝ մենք տանում ենք երկիրը դեպի պայծառ ապագա, կամ՝ եթե մենք լինենք, ապա կտանենք երկիրը դեպի այդ ապագան: Բայց ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչպես են աշխատում հասարակության եւ պետության մեխանիզմները եւ ինչու են այդ մեխանիզմներն այժմ խափանվել:

Վերջում եւս մի զուգահեռ բերեմ: Պատկերացրեք ավտոմեքենաների պահեստամասերի մի կրպակ: Նրա տերը պետք է գովի իր ապրանքը, ասի՝ «էստի համեցեք», պնդի, որ իր պահեստամասերը լավն են, «ֆիրմա են», եւ դրանց գնորդը ոչ մի խնդիր չի ունենա: Նա պետք է ասի նաեւ, որ դիմացի կրպակի տերը շառլատան է եւ խաբեբա: Բայց կան նաեւ մեքենաների դիագնոստիկայի կենտրոններ, եւ եթե մեքենան չի ստացվում «խոդի գցել», դրանք որոշում են, թե որն է անսարքության պատճառը: Աշխատանքի երկու տեսակներն էլ անհրաժեշտ են: Բայց ինձ երկրորդն է հետաքրքրիր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր