«Մեր մարզիկները պատշաճ ձևով ներկայացրեցին Հայաստանը Տոկիոյի օլիմպիադայում». վարչապետը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 16–ին, հյուրընկալել է Հայաստանի՝ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից հավաքականի մարզիկներին եւ մարզիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի օլիմպիական հավաքականին ուղղված ողջույնի խոսքում վարչապետը նշել է.
«Բարեւ ձեզ, հարգելի գործընկերներ:
Նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր օլիմպիականներին՝ Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում ներկայացնելու համար: Եվ նաեւ ուզում եմ շնորհավորել մեր մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով: Այս օլիմպիադայում մենք ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց, կարծում եմ, մեր մասնակցությունից դժգոհ չենք: Իհարկե, այն իրավիճակը, մթնոլորտը, որ առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք կարողացել ենք պատշաճ ձեւով ներկայանալ: Իհարկե, որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար: Բայց կարծում եմ, որ մեր մարզիկները եւ մեր հավաքականը պատշաճ ձեւով ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը Տոկիոյի օլիմպիադայում:
Հիմա ես ուզում եմ անդրադառնալ հետեւյալին. կարծում եմ, որ մենք, օլիմպիադայում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար, պիտի անենք հետեւյալը՝ այսօր շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները եւ միանգամից պատրաստվենք հաջորդ օլիմպիադային: Կարծում եմ՝ արժե, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ այսօրվանից ճանապարհային քարտեզ ձեւավորի հաջորդ օլիմպիադային ընդառաջ մեր անելիքները որոշելու եւ այդ անելիքներն իրագործելու համար: Սա, կարծում եմ, ընդհանրապես պետք է մեր գործելակերպը լինի: Այն, ինչ մենք անում ենք այսօր, պետք է նպատակաուղղված լինի միջնաժամկետ հեռանկարին, որովհետեւ գործողության արդյունավետությունը ցույց տալու համար որոշակի ժամանակ է պահանջում: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք եւ գնանք առաջ:
Կարծում եմ, ընդհանուր առմամբ, նաեւ մեր օրակարգում է, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք իսկապես սպորտի մասսայականացման համար: Որովհետեւ գործնականում այսօր ունենք պրոֆեսիոնալ սպորտ, բայց զանգվածային սպորտի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք՝ հետաքրքրության, ենթակառուցվածքի առումով: Այստեղ արդեն կոնկրետ ծրագրեր ենք մշակում եւ առաջիկայում կսկսենք իրագործել: Եվ այստեղ, իհարկե, մեր պրոֆեսիոնալ մարզիկների աջակցությունը շատ կարեւոր է:
Կրկին ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել եւ կուզենայի նաեւ լսել ձեզ, թե ինչ տպավորություններով եք եկել եւ ինչ վերլուծություններ ու հետեւություններ եք արել, ինչ առաջարկներ ունեք, որ մենք կարող ենք իրագործել»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ամփոփելով Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին ՀՀ հավաքականի ելույթները, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, որոնց մասնակցում էր մեր հավաքականը, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է: Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել եւ հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչպես հակազդել դրանց:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարեւորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի եւ ֆեդերացիաների միջեւ աշխատանքի բաժանում կատարելու եւ համատեղ ջանքերով առաջ գնալու առումով: «Պարոն վարչապետ, Օլիմպիական կոմիտեն էլ է պատրաստակամ քննարկել եւ հասկանալ, թե Կառավարությունն ինչ է անում, ՀԱՕԿ-ն ինչով է աջակցում: Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները եւ այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտից ոչ թե 2, 3 կամ 1 մարզիկ մասնակցի, այլ, օրինակ, 6, բռնցքամարտից՝ 8, որովհետեւ արդեն պայմաններն ստեղծված կլինեն», - նշել է ՀԱՕԿ նախագահը:
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է հետեւություններ անել եւ այսօրվանից եւեթ կենտրոնանալ հետագա անելիքների վրա: «Մեր կառավարումը պետք է լինի ռազմավարական: Եթե մենք խնդիր ենք դրել, որ մինչեւ 2050 թվականը Հայաստանը 24 օլիմպիական ոսկե մեդալ ունենա, ուրեմն մենք պետք է այսօրվանից գործենք եւ մեր դրած նշաձողերից հետ չգնանք», - ընդգծել է երկրի վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ԿԳՄՍ, ՀԱՕԿ եւ մարզական ֆեդերացիաների միջեւ մշտական հետադարձ կապը:
Հանդիպման ընթացքում մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են Օլիմպիական խաղերում արձանագրած արդյունքներին, շնորհակալություն հայտնել Կառավարությանը եւ վարչապետին աջակցության համար եւ նշել, որ արվել է առավելագույնը՝ Հայաստանի Հանրապետությունը Օլիմպիական խաղերին հավուր պատշաճ ներկայացնելու համար:
Վարչապետ Փաշինյանի նշած համատեքստում քննարկվել են առաջիկա անելիքները: Ներկայացվել է տեղեկատվություն ներկա դրությամբ հայտնի մարզիկների անվան մարզադպրոցների կառուցման ընթացքի, մարմնամարզության, հրաձգության, ոլորտների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի, մարզական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված քայլերի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ վարչապետ Փաշինյանի հանձնարարականի հիման վրա ընթացքի մեջ է նաեւ Զինված ուժերում սպորտային վաշտի վերաբացման հարցը:
Վարչապետի հանձնարարությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում ԿԳՄՍ, ՀԱՕԿ եւ ազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել եւ քննարկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ կտրվածքով անելիքները: