211652_close_icon
views-count361 դիտում article-date 17:53 10-11-2026

ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանը կառաջադրի իր թեկնածությունը

Armsport.am -ը գրում է․ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասինб գրում է armsport.am-ը։

Իր ուղերձում Ղազարյանը նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին վստահության և իր թեկնածությունն առաջարկելու համար՝ շեշտելով, որ իր որոշումն ինքնանպատակ չէ կամ անձնական հավակնությունների հարց, այլ պայմանավորված է հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ մեծ պատասխանատվությամբ։

Նա ընդգծել է, որ ունենալով ֆուտբոլային երկարամյա փորձ՝ ներսից է տեսնում առկա խնդիրներն ու հնարավորությունները, որոնք իրացնելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, մասնագիտական կառավարում և հստակ ռազմավարություն։

Որպես գլխավոր առաջնահերթություններ՝ նախկին ֆուտբոլիստն առանձնացրել է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մարզիչների կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումն ու ակումբների հետ արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով կազմակերպչական հարցերին՝ Ղազարյանը սկզբունքային է համարել ընտրական ողջ գործընթացի արդար և թափանցիկ անցկացումը՝ կոչ անելով հայկական ֆուտբոլի բոլոր սերունդների ներկայացուցիչներին, մասնագետներին ու ակումբներին համախմբվել այս նախաձեռնության շուրջ:

Նրա խոսքով՝ մեկ մարդը չի կարող լուծել տարիներով կուտակված խնդիրները, ուստի անհրաժեշտ է ձևավորել պրոֆեսիոնալ թիմ և ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որը կվայելի ֆուտբոլային ողջ հանրության վստահությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը (First Armenian Front) պահանջել էր ՀՖՖ ներկայիս ղեկավարության հրաժարականը և հայտարարել, որ առաջիկա ընտրություններում որպես նախագահի միասնական թեկնածու առաջադրելու և պաշտպանելու է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։


 

Նմանատիպ նյութեր