211652_close_icon
views-count311636 դիտում article-date 11:33 15-08-2021

Լոռիում ոստիկանների «կանգ առ» հրահանգին չենթարկվելով՝ կոճղերով բարձված Ford-ը կողաշրջվել է. կա 2 զոհ, դեպքի վայրում հարձակվել են ոստիկանների վրա, վառել են ոստիկանական «06»-ն ու ջարդել УАЗ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։

Ոստիկանները սկսել են հետապնդել և մի քանի անգամ ոստիկանական Վիլիսի լուսային և ձայնային ազդանշաններով հետապնդել են Ford-ը և բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։

Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորում է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսում են որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ 

Դեպքի մասին տեղեկանում են ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։ Արդեն տեղում հայտնաբերվում են մահացած տղամարդու 2 մարմին։ 

Մինչ կժամանեին օպերատիվ խմբերը, մի խումբ անձինք հարձակվում են ոստիկանւթյան աշխատակիցների վրա, քարերով, փայտերով վնասվածքներ պատճառում նրանց, ապա կասկածելով, որ եթե ոստիկանները չհետապնդեին Ford Transit-ը, ապա այն վթարի չէր ենթարկվի, ոստիկանական «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բրթում-գցում են անտառը՝ այն վերածելով մետաղե ջարդոնի։

Նշված վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա այս անգամ արդեն հարձակման է ենթարկվում դեպքի վայր շտապող ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան, որտեղ նույնպես ծեծի են ենթարկվում ոստիկանները, ապա քարերով կոտրում են ավտոմեքենան և հրկիզում։ 

Նշված վայր են ժամանում Ալավերդու հրշեջ-փրկարարները, ովքեր մարում են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվում է մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ միջադեպի հետևանքով կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ոստիիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության մեծ թվով ոստիկաններ՝ գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկանական ուժեղացված ծառայություն է իրականացվում ոչ միայն Ալավերդի քաղաքում, այլև Լորուտ գյուղում, քանի որ կան կասկածներ, որ անօրինական ձևով անտառահատման ու ոստիկանական օրինական պահանջին չենթարկվող, ապա վթարի ենթարկված մահացածների հարազատներն այդ գյուղից են։ 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանի և 2 տեղակալների գլխավորությամբ։ 

Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի փորձաքրեագետները, հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։ 

Ուժեղացված ծառայության են անցել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության մի քանի խմբեր էլ մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ հսկողության տակ են վերցրել մի քանի բնակիչների տներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկը մյուսի նկատմամբ ոտնձգություններ չանեն։ 

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածերով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինքնավթարի հետևանքով մահացածների, վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում   նաև, որ վթարի ենթարկված Ford Transit մակնիշի ավտոմեքենան բարձված է եղել հսկայական՝ կտրված առողջ ծառերի կոճղերով, որի մի մասը թափված էր դրսում, իսկ ավտոմեքենան էլ կողաշրջված վիճակում հայտնվել էր ծառի վրա։ 

Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանությունը, այդ թվում՝ Լոռու մարզային ոստիկանության վարչության և ստորաբաժանումների ծառայողները հսկայական պայքար են տարել ապօրինի ծառահատումների դեմ, ինչի շնորհիվ մեծ թվով անտառահատներ հրաժարվել են իրենց այդ «գործից», սակայն լինում են դեպքեր, երբ քաղաքացիները անտեսում են անգամ այն հանգամանքը, որ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ոստիկանները, այդ թվում՝ որոշ հատվածներում տեղադրված ոստիկանական «պոստերում»։ 

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Լոռո մարզի քննչական վարչության պետ Ս. Մկրտչյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 316 հոդվածի 1-ին մասի, 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 242 հոդվածի 3-րդ մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 226+
226+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր