Ջերարդն իմ ամենասիրած ֆուտբոլիստն է, բայց ես չեմ ցանկանում պարտվել «Ռեյնջերսին»․ Ալեքսանդր Գրիգորյան
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը MatchTV-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է ԵԼ որակավորման փուլի փլեյ-օֆֆում հայկական ակումբի մրցակցի՝ շոտլանդական «Ռեյնջերսի» մասին, հայտնում է Armsport.am-ը:
-Սա կարող էր լինել իմ կարիերայի գագաթնակետը, եթե կանանց ֆուտբոլում ես հասած չլինեի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, երբ հաղթում ես իր կազմում աշխարհի 8 չեմպիոն ունեցող «Այնտախտին» և Մարտայի «Ումեոյին»։ Իհարկե, «Ռեյնջերսի» դեմ խաղերը իրադարձություն են: Ես գիտեի, որ հաջորդ փուլում՝ «Կայրաթի» նկատմամբ հաղթանակի դեպքում, մենք կհանդիպենք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի «Մալմյո»-«Ռեյնջերս» զույգի պարտվողի հետ: Երբ ես պատրաստվում էի «Կայրաթի» դեմ խաղին, հետաքրքրասիրությունից դիտեցի նրանց պատասխան խաղը: Շոտլանդացիների խաղը դուր եկավ: Ջերարդը հետաքրքիր կերպով է կառուցել թիմը: Ռուսաստանում միայն «Զենիթը» կարող է պայքարել «Ռեյնջերսի» դեմ:
– Նույնիսկ եթե պարտվեք «Ռեյնջերսին», դուք կլինեք Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Հայկական ոչ մի ակումբ երբևէ նման փուլ չի հասել եվրոպական մրցաշարերում:
– Մի րոպե։ Ջերարդն իմ ամենասիրած ֆուտբոլիստն է, բայց ես չեմ ցանկանում պարտվել «Ռեյնջերսին»: Ընդհանրապես, եվրոպական գավաթները շատ հետաքրքիր փորձ են: Մենք հաղթեցինք Ուելսի չեմպիոնին, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Մորիսոնը: Հետո «Շերիֆն» էր: Կարծես Մոլդովան է, բայց ակումբը եվրոպական մակարդակի է: Իսկ ինչ վերաբերում է «Կայրաթին»․ առաջին խաղից հետո ես նշեցի Վագներ Լավին, բայց այս անգամ նա էլ ավելի ուժեղ տպավորություն թողեց՝ չնայած այն հանգամանքին, որ մրցակիցը խաղում էր 9 հոգով: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ՌՊԼ-ում նման խաղացող այժմ չկա: Եվ, իհարկե, ինքնին մթնոլորտը. Երևանում կրկին լեփ-լեցուն մարզադաշտ էր: Դա մեզ նախկինում պակասում էր:
«Ռեյնջերս»-«Ալաշկերտ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին Գլազգոյում, պատասխան հանդիպումը՝ 26-ին՝ Երևանում: