211652_close_icon
views-count1760 դիտում article-date 12:12 13-08-2021

Ամեն գրող չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձևախեղելու, իր ժամանակի դիմագիծը փոխանցել. Արմեն Շեկոյանի պոեզիան հետո ավելի են սիրելու. «Ազգ»

«Ազգ» թերթը հրապարակել է Մարիետա Խաչատրյանի հոդվածն Արմեն Շեկոյանի մասին․

Ես համոզված եմ, որ գրողի արաքելությունն իր ժամանակը փրկելն ու իրենից հետո եկողներին փոխանցելն է: Ի՞նչ գիտենք մեր անցյալի, նույնիսկ դարավոր անցյալի մասին, միայն այն, ինչ նկարագրվել է գրավոր եւ մշակութային ստեղծագործությունների միջոցով: Այս առումով ամեն գրող եւ բանաստեղծ չէ, որ կարող է լավագույնս, առանց գունազարդելու կամ ձեւախեղելու, իր ժամանակի ուրվագիծը, դիմագիծը, խորքային եւ մյուս ժամանակներից տարբերվող նկարագիրը փոխանցել: Դա արել է բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը, որ հուլիսի վերջին ցավալիորեն կնքեց իր մահկանացուն՝ ընդամենը 68 տարեկանում:

Չնայած նրա ստեղծագործության հանդեպ բանավեճերին՝ նա երկար չի մոռացվի եւ միգուցե տարիների հետ նրա ստեղծած գրականության ողջ նշանակալիությունն ավելի գնահատվի, քանի որ նրա «Երեւան հյուրանոցն» ու «Հայկական ժամանակը» , նրա ողջ պոեզիան մեր ողջ կյանքի միկրոաշխարհներ են՝ այնտեղ արձանագրված իրական, փաստական կերպարների նշանակալիության, կերպարների մեծաթվության առումով, անընդգրկելի ծավալից սկսած՝ մինչեւ զուտ շեկոյանական պատկերավորություն ու շեկոյանական ինքնատիպություն: Նրա արձակը դեռեւս սպասում է իր գնահատականին, բայց պոեզիան ճանաչելի ու սիրելի է այն աստիճան, որ բերանացի մեջբերումների քանակի առումով կխամրեցներ ժամանակակից տիտղոսավոր բանաստեղծներից շատերին: Նրա պոեզիան սոսկ բանաստեղծական արվեստի նմուշների ամբողջություն չէ, այլ նրա բնածին հումորի, նրա ներքին անկախությանՙ ոչ մի խմբի չպատկանելիության, լայնությամբ ու խորությամբ ժամանակն ու նրա մարդկանց տեսնող նրա հայացքի պոետիկ փոխարկում, դեպքերի եւ իրադարձությունների ժամանակագրություն: Կան շատ ժամանակակից բանաստեղծներ, միգուցե, ինչպես ասում են՝ իրենց բարձր գրականության ներկայացուցիչ դասողներ, բազմաթիվ մրցանակներ արդարացի ու անարդար վերցնողներ, սակայն նրանք բոլորն էլ կարող են նախանձել Արմենին, քամի որ նրանց գործերը բերանացի չեն հիշում, իսկ Արմենինը հիշում են եւ սիրում: Օրինակ՝ նրա պոեզիայի նկատմամբ իմ սերը ես փոխանցել եմ նաեւ զավակներիս, գիտեմ, որ մեր ընդհանուր ընկերներից շատերն են այդպես վարվել:

Իսկ վերջին տարիներին նրա գրած արձակ ստեղծագործության՝ «Հայկական ժամանակի» ողջ նշանակությունը (որպես ոչ միայն գեղարվեստական ստեղծագործություն, այլեւ որպես ժամանակի վավերագիր, որպես իր սերնդի շատ անունների, շատ դեմքերի մասին տեղեկությունների եւ կենսակերպի փոխանցիչ) փորձել է բացել հենց ինքը, Շեկոյանը, այսպիսի սրտառուչ բացատրությամբ.

- Երբ վերջերս սկսեցի վրա-վրա պատմվածքներ տպագրել մեր, էսպես կոչված, նոր ժամանակների մասին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իմ էդ պատմվածքները շատ դաժան են, եւ որ՝ ես, փաստորեն, մեր էս նոր կյանքից վերցնում եմ բացառապես բացասական ու վատ բաները եւ, ուրեմն, լավատեսական ոչ մի լիցք չեմ հաղորդում իմ ընթերցողներին: Ես, իհարկե, չեմ պատրաստվում կիսել էդ կարծիքը, որովհետեւ իմ էդ պատմվածքներում, ճիշտ է, պատկերել եմ նաեւ խեղճուկրակ մարդկանց, որոնք, պատրաստ չլինելով նոր ժամանակներին, փաստորեն կանգնեցին փաստի առաջ, բայց, այդուհանդերձ, ես, էդ խեղճ ու թշվառ մարդկանց վիճակները նկարագրելով հանդերձ, կամեցել եմ հուշել ու հասկացնել իմ պակաս թշվառ ընթերցողներին, որ եթե իմ թշվառ հերոսները դիմացել ու դիմանում են մեր էս նոր կյանքին, ապա իրենք՝ այսինքն պակաս թշվառները, պիտի որ դիմանան ու դիմանան:

Անկեղծ ու ազնիվ, իր՝ Արեն Շեկոյանի պես:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր