211652_close_icon

Ավտովթար Կոտայքի մարզում․ Եղվարդ քաղաքի սկզբնամասում «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել․ ըստ վարորդի՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ»-ի վարորդը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1579 դիտում article-date 20:35 27-02-2026
Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Գ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել է Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բուժօգնությունից՝ ասելով, որ ինքը չի տուժել։

Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանն ու Գևորգ Թումանյանը։
Վթարի վայրում «Infiniti»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

«ԶԻԼ» մակնիշի բեռնատարը հայտնաբերվել է վթարի վայրում։

Պարեկները պարզել են, որ այն վարել է Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Գարուն Դ․-ն։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Արդյոք «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կապ ունի վթարային իրավիճակի հետ՝ պարզվում է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր