211652_close_icon
views-count66964 դիտում article-date 10:07 08-08-2021

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. BMW-ով վթարի են ենթարկվել Գյումրիում տեղակայված ՌԴ 102 ռազմաբազայի զինծառայողները. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս է բերել «Դուստր Մարիաննա» ընկերության աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 

Ժամը 06։20-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ 3 հոգի դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։
 
Տեղում վիրավորներին առաջին բուժօգնությունն է ցուցաբերել այդ պահին նշված վայրով անցնող, «Դուստր Մարիաննա» ընկերության վարորդը: Եվ հենց նա է վիրավորներից երկուսին դուրս բերել ավտոմեքենայից:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, որոնցից 2-ին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, իսկ մեկին դուրս բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Թալին» բժշկական կենտրոն։

Փրկարարներն այնուհետև մահացածի մարմինը պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր պետք է ժամանեին Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի խումբը, ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը և վիրավորները զինվորականներ են։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ թե մահացածը, թե վիրավորները ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ռուսական ռազմաբազայի ծառայողներն ու նրանց ռազմական ոստիկանության ներկայացուցիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների  ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր